Հայաստանում Քուվեյթի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը նոր լիցք կհաղորդի համագործակցության զարգացմանը

26.12.2011, 17:05
Հայաստանում Քուվեյթի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը նոր լիցք կհաղորդի համագործակցության զարգացմանը

Հայաստանում Քուվեյթի դիվանագիտական  ներկայացուցչության հիմնումը նոր լիցք կհաղորդի համագործակցության զարգացմանը, երկուշաբթի նորանշանակ դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդիի (Bassam Muhammad Alqabandi) հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, հանդիպման շրջանակներում՝ Քուվեյթի նորանշանակ դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդին (Bassam Muhammad Alqabandi) իր  հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Ըստ Նալբանդյանի, հայ-քուվեյթյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի են բարձրացել նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. Քուվեյթ կատարած այցից հետո, ինչը նշանավորվել է բարձրաստիճան քաղաքական երկխոսության ակտիվացմամբ, դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրմամբ, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմամբ:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան ալ-Քաբանդին ընդգծեց, որ Քուվեյթի Պետությունը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների առավել ամրապնդումն ու ընդլայնումը և Երևանում դեսպանության հիմնումը դրա վկայությունն է: Դեսպանը վստահեցրեց որ կանի առավելագույնը երկկողմ համագործակցության խորացման համար:

Զրուցակիցները անդրադարձան հոկտեմբերին Երևանում կայացած հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: ինչպես նաև վերջերս Հայաստանի զարգացման գործակալության պատվիրակության Քուվեյթ կատարած այցը և դրա ընթացքում  Քուվեյթի ներդրումային ընկերության հետ ստորագրած փոխըմբռնման հուշագիրը:

Հայաստանի արտգործնախարարն ու Քուվեյթի դեսպանը  քննարկեցին նաև Միջին Արևելքի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: -0-