ՌԴ ԱԳՆ-ում անվտանգության հարցերին նվիրված հայ-ռուսական խորհրդատվություններ են կայացել

26.12.2011, 15:26
ՌԴ ԱԳՆ-ում անվտանգության հարցերին նվիրված հայ-ռուսական խորհրդատվություններ են կայացել

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՌԴ ԱԳՆ-ում դեկտեմբերի 23-ին կայացան ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ռուսական կողմից խորհրդատվություններն անցկացնում էին Անվտանգության և զինաթափման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը և նրա տեղակալ Գրիգորի Մաշկովը, իսկ հայկական կողմից ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը:
Խորհրդատվություններին մասնակցում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Ռուբեն Անանյանը:

Կողմերը քննարկեցին արտահանման վերահսկման ոլորտին առնչվող հարցեր, մասնավորապես անդրադառնալով միջազգային ռեժիմների շրջանակներում բազմակողմ և երկկողմ համագործակցության առավել արդյունավետ իրականացման եղանակներին:

Հատուկ ուշադրության արժանացան ՄԱԿ-ի ԱԽ 1540 բանաձևի իրագործմանը միտված հնարավոր համատեղ քայլերը:
Հանգամանալից անդրադարձ կատարվեց ԵՍԶՈւ պայմանագրի վերանայման և նրա լիարժեք իրականացումն ապահովելու հեռանկարներին:
Կողմերը ներկայացրեցին իրենց նկատառումները` կապված Զենքի առևտրի պայմանագրի բանակցությունների անցկացման, Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման ծրագրի հետ կապված:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման խորհրդատվությունները պարբերաբար անցկացնելու շուրջ: -0-