Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցումը կսկսվի 2013 թ.-ին. Էներգետիկայի նախարար

22.12.2011, 18:46
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցումը կսկսվի 2013 թ.-ին. Էներգետիկայի նախարար

2013 թ.-ի կեսին կսկսվի նոր ԱԷԿ-ի ուղղակի կառուցման փուլը, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը:

Նրա խոսքերով՝ եթե ամեն ինչ ընթանա ըստ ժամանակացույցի, ապա նոր ԱԷԿ-ը շահագործման կհանձնվի 2016-17 թթ.-ին, իսկ «հնարավոր է՝ նաև ավելի շուտ»:

Նա նշեց, որ անկախ այն բանից, թե նոր ԱԷԿ-ի պատրաստ կլինի շահագործման 2016, թե 2017 թթ.-ին, երկրի իշխանությունները պարտավոր են, ելնելով անվտանգության նկատառումներից, կանխատեսել բոլոր քայլերը:

«Մենք միշտ հայտարարել ենք, որ հին էներգաբլոկը կհանվի շահագործումից միայն այն ժամանակ, երբ կշահագործվի նորը», - ընդգծեց նա:

Այս համատեքստում Մովսիսյանը հիշեցրեց, որ ատոմային նոր էներգաբլոկի կառուցման համար ներդրումների ներգրավման հարցերին նվիրված խոշոր համաժողովի անցկացումը, որը նախատեսված էր այս տարվա գարնանը, հետաձգվեց ճապոնական «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով:

«Սակայն ատոմային էներգետիկայի ոլորտի միջազգային փորձագետների հետ քննարկումներից հետո մենք եկանք այն եզրահանգման, որ ավելի ճիշտ կլինի անցկացնել այն հաջորդ տարի», - ասաց նա՝ ավելացնելով, որ ներդրողների հետ բանակցությունները շարունակվում են:

ՀՀ իշխանությունները պատրաստվում են փաստացիորեն նոր կայան կառուցել առկա Հայկական ԱԷԿ-ի տեղում, որը միակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Դեռ խոսքը միայն 1000 ՄՎտ հզորությամբ մեկ էներգաբլոկի կառուցման մասին է:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալների համաձայն՝ նախագծի արժեքը կարող է կազմել 5-6 մլրդ դոլար: Այս նախագծի համար օտարերկրյա կապիտալի ներգրավման նպատակով ՀՀ խորհրդարանը 2006 թ.-ին չեղյալ համարեց նոր ատոմային էներգաբլոկերի սեփականության իրավունքի պետական մենաշնորհը:-0-