Erasmus Mundus կրթական ծրագրին մասնակցության հայերի ընդունման ժամկետը լրանում է մարտի 15-ին. համակարգող

20.12.2011, 18:34
Erasmus Mundus կրթական ծրագրին մասնակցության հայերի ընդունման ժամկետը լրանում է մարտի 15-ին. համակարգող
Erasmus Mundus կրթական ծրագրին մասնակցության հայերի ընդունման ժամկետը լրանում է մարտի 15-ին. համակարգող

Հայաստանում Erasmus Mundus միջազգային կրթական ծրագրին մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2012 թ.-ի մարտի 15-ին է, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ծրագրի համակարգող Կառլոս Մաչադոն:

Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ 2007 թ.-ից անցկացվող Erasmus Mundus ծրագրի հիմնական նպատակն է կազմակերպել դասախոսների, ասպիրանտների, մագիստրոսների և բակալավրերի փոխանակում Հայաստանից, տարածաշրջանի այլ պետություններից, եվրոպական երկրներից: Ծրագրի մասնակիցները կկարողանան ուսանել եվրոպական ութ բուհերից մեկում՝ կախված ընտրված մասնագիտությունից:

«Հայտերի ընդունումը սկսվել է դեկտեմբերի 15-ին և անցած չորս օրվա ընթացքում արդեն 94 հայտ է ներկայացվել: Մեր հաշվարկով՝ մեկ տեղին կհավակնի 1-7 մարդ», - ասաց Մաչադոն «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Նա նաև նշեց, որ ծրագիրն ամենևին էլ ուղղված չէ Հայաստանից ուղեղների արտահոսքի ավելացմանը, այլ նպատակաուղղված է երիտասարդ մասանգետների որակավորման բարձրացմանը:

«Մենք 100 տոկոսով չենք կարող երաշխավորել, որ ծրագրի մասնակիցները կվերադառնան Հայաստան, սակայն նրանցից ամեն մեկը, ստորագրելով պայմանագիրը, պարտավորվում է ուսումն ավարտելուց հետո  բնակության երկիր վերադառնալ: Դրան են հետևում ծրագրի և բուհերի համակարգողները», - ասաց Մաչադոն՝ ավելացնելով, որ ծրագրի բոլոր մասնակիցներն հետադարձ տոմս ունեն:

ԵՊՀ պրոռեկտորի տեղակալ Ալեքսանդր Մարկարովն իր հերթին նշեց, որ այս պահին ծրագրում ընդգրկված է երեք հայկական բուհ՝ ԵՊՀ-ն, «Եվրասիա» միջազգային համալսարանն ու Երևանի պետական բժշկական համալսարանը:

«Ծրագրում Հայաստանի քաղաքացիների համար 42 տեղ կա: Տեղերի 70 տոկոսը նախատեսված է այդ երեք բուհերի ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների և պրոֆեսորների համար», - ասաց Մարկարովը: Նա ավելացրեց, որ մնացած 30 տոկոսին կարող են հավակնել հայկական այլ համալսարանների ներկայացուցիչները, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները:

Նրա խոսքերով՝ ծրագրի մասնակիցները հնարավորություն կստանան շարունակել ուսումը մի շարք մասնագիտություններով (միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, գյուղատնտեսություն, բժշկություն, սոցիոլոգիա և այլն):

«Erasmus Mundus ծրագրին մասնակցելու համար հիմնական պայմանը ՀՀ քաղաքացիության և ամենաքիչը բակալավրի աստիճանի առկայությունն է: Ծրագիրն ապահովում է տրանսպորտային ծախսերը, ապահովագրությունն ու ուսման վճարը», - հայտարարեց Մարկարովը:

Նա ընդգծեց, որ ծրագրի մասնակիցները 1000-2500 եվրո ամսական կրթաթոշակ են ստանում:

Ինչպես նշեց Մարկարովը, ծրագրին կարող են մասնակցել նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, հաշմանդամներ և սոցիալապես անապահով քաղաքացիներ: Միաժամանակ հայտեր չեն ընդունվում ավելի քան 12 ամիս Արևելյան Եվրոպայի երկրներում բնակվող անձանցից:-0-