ՀՀԿ-ն իրեն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆավորիտն է համարում

19.12.2011, 14:27
ՀՀԿ-ն իրեն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆավորիտն է համարում
ՀՀԿ-ն իրեն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆավորիտն է համարում

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իրեն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆավորիտն է համարում, երկուշաբթի ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց հայկական խորհրդարանի փոխխոսնակ, կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, մեր հանդիպումները հասարակության ներկայացուցիչների հետ, սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունն իր խնդիրների լուծումը կապում է ՀՀԿ-ի և նրա նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ»,- ասաց նա:

Շարմազանովը միաժամանակ զերծ մնաց խորհրդարան անցնելու մյուս քաղաքական ուժերի հնարավորությունների գնահատումից:

«Կոռեկտ չեմ համարում մեկնաբանել քաղաքական մյուս ուժերի հնարավորությունները: Միայն կարող եմ ասել, որ այն հարցը, թե ինչ ուժեր կլինեն մեր մրցակիցները և առաջիկա ընտրությունների «գլխավոր հերոսները», պետք է որոշեն Հայաստանի քաղաքացիները»,- նշեց նա:

Նա նշեց նաև, որ աննպատակահարմար է զուգահեռներ անցկացնել Ռուսաստանի և Հայաստանի ընտրական իրավիճակների միջև:

Պետական դումայի ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 4-ին: Սկսած դեկտեմբերի 5-ից՝ ողջ երկրով ընտրությունների արդյունքների դեմ բողոքի հանրահավաքներ են անցկացվել: Ամենազանգվածային ակցիաներն անցկացվել են Մոսկվայում և Պետերբուրգում:

«Ռուսաստանը շատ մեծ երկիր է, որն ունի բազմաթիվ խնդիրներ և մարտահրավերներ, որը միջազգային հարաբերությունների հիմնական խաղացողներից է, և չեմ կարծում, որ ռուսական իրողություններն ինչ-որ կապ ունեն հայկականների հետ»,- հավելեց նա: -0-