Աշխատանքի տեղավորման հարցը Հայաստանի հաշմանդամների հիմնական խնդիրն է. «Հույսի կամուրջ» ՀԿ

16.12.2011, 19:41
Աշխատանքի տեղավորման հարցը Հայաստանի հաշմանդամների հիմնական խնդիրն է. «Հույսի կամուրջ» ՀԿ

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աշխատանքի տեղավորման խնդիրը Հայաստանի հաշմանդամների համար ամենաբարդ խնդիրներից մեկն է, ասաց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հիմնադիր և տնօրեն Սուսաննա Թադևոսյանը:

«Այսօր մեզ տխրեցնում է այն փաստը, որ աշխատանքի է տեղավորվել հաշմանդամների ընդամենը 9 տոկոսը, այսինքն՝ հաշմանդամների ճնշող մեծամասնությունն աշխատանք չունի»,- ուրբաթ «Հույսի կամուրջ» ՀԿ 15-ամյա հոբելյանի տոնակատարաության շրջանակներում լրագրողներին ասաց Թադևոսյանը:

Հայաստանի հաշմանդամների մյուս արդիական խնդիրների թվում նա նշեց տրանսպորտի, հատկապես Հայաստանի առանձին մարզերում բնակվող հաշմանդամների համար տարրական կենցաղային ծառայությունների դժվար հասանելիությունը:

Ըստ նրա՝ այսօրվա դրությամբ մասնագիտական կրթությունը դեռևս անհասանելի է մնում սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար, և այսօր շատ գործատուներ, ովքեր պատրաստ են աշխատանքի վերցնել հաշմանդամներին, չեն կարող դա անել՝ վերջիններիս մոտ որոշակի մասնագիտական գիտելիքների բացակայության պատճառով:

Այդ կապակցությամբ նա ընդգծեց հանրապետությունում ներառական կրթության ներմուծման կարևորությունը:

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ 2011թ.-ի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցված է 186 հազար 983 հաշմանդամ: -0-