Հայաստանի ժամանակակից արվեստի առաջին ամփոփիչ կատալոգը կներկայացվի Երևանում

12.12.2011, 13:24
Հայաստանի ժամանակակից արվեստի առաջին ամփոփիչ կատալոգը կներկայացվի Երևանում
Հայաստանի ժամանակակից արվեստի առաջին ամփոփիչ կատալոգը կներկայացվի Երևանում

«Հայացք: Հայաստանի ժամանակակից արվեստը» առաջին ամփոփիչ կատալոգը կներկայացվի երկուշաբթի Երևանում, հայտնեց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը:

Կատալոգի շնորհանդեսը տեղի կունենա Հայաստանի Նկարիչների տանը: Կատալոգը հրատարակվել է հազար օրինակ տպաքանակով, մեկ օրինակի արժեքն է 10 հազար դրամ (շուրջ 30 դոլար):

«Մեր պետության անկախության 20 տարիների ընթացքում առաջին անգամ գիրք է ստեղծվել, որում ներկայացված է երկրի ժամանակակից արվեստը և ժամանակակից արվեստի գործիչների աշխատանքները նկարագրող լիարժեք պատկերը»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Հարությունյանը:

Գրքում ներկայացված են ՀՀ արվեստի 36 ժամանակակից գործիչների աշխատանքները՝ հիմնականում հանրապետության անկախության շրջանի սերնդի ներկայացուցիչների:

«1995թ.-ից հետո մեզ մոտ երկրում նման գիրք չի եղել, որը հնարավորություն կընձեռեր միջազգային հանրությանը ներկայացնել արվեստի գործիչներին ոչ միայն հանրապետության ներսում, այլ նաև արտերկրում»,- նշեց Հարությունյանը:

Արվեստագետ Լիլիթ Սարգսյանն իր կողմից նշեց, որ այդ կատալոգի և նախագծի ստեղծումն ընդհանուր առմամբ Հայաստանի արվեստի ամենատաղանդավոր ժամանակակից գործիչների աշխատանքները միջազգային հանրությանը ներկայացնելու, միջազգային շուկա դուրս գալու հնարավորություն տրամադրելու նպատակ էր հետապնդում:

«Բոլոր ցանկացողները կարող են գալ շնորհանդեսին, և անձամբ ծանոթանալ կատալոգին և ցանկության դեպքում ձեռք բերել այն»,- ավելացրեց նա:

Ըստ Սարգսյանի՝ նախագիծն իրականացնելու գործում հատուկ կարևոր դեր է խաղացել միջազգային կառույցների հետ համագործակցությունը, մասնավորապես՝ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, UNDP մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան իր կողմից նշեց, որ իր հետ Նյու Յորք, ինչպես նաև՝ Ժնև և Հռոմ կտանի կատալոգի մի քանի օրինակ:

«Բոլոր միջազգային հանդիպումներին ես ինձ հետ կվերցնեմ այդ կատալոգը, որպեսզի ներկայացնեմ իմ գործընկերներին Հայաստանի ժամանակակից արվեստը, և միջազգային արվեստագետներին ներկայացնեմ երկրի արվեստի երիտասարդ գործիչների ներուժը»,- նշեց նա: -0-