Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանը գլխավորել է հայկական ԶԼՄ-ներում ամենաշատ հիշատակվող կանանց ցուցակը

09.12.2011, 18:56
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանը գլխավորել է հայկական ԶԼՄ-ներում ամենաշատ հիշատակվող կանանց ցուցակը

Հայաստանում ԱՄՆ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը գլխավորել է հայկական ԶԼՄ-ներում ամենաշատ հիշատակվող կանանց ցուցակը, ուրբաթ համաժողովի ընթացքում հայտնեց «Պրոմեդիա-Գենդեր» կազմակերպության նախագահ Թամարա Հովնաթանյանը:

«Երեք ամսում մենք երեք հայկական թերթի և երեք լրատվական գործակալության ավելի քան 29 հազար հրապարակում ենք վերլուծել և փորձել ենք բացահայտել կանանց կերպարը հայկական ԶԼՄ-ներում, նրանց դերն ու տեղը հասարակական- քաղաքական կյանքում»,- ասաց Հովնաթանյանը:

Ըստ նրա, հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ԶԼՄ-ներում ամենաճանաչված կանանց ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, երկրորդ տեղում՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նրանց հաջորդում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:
«Կնոջ դերը մեդիայում » կարգախոսով հետազոտությունը Հայաստանում անցկացվել է 2011թ.-ի մարտի 1-ից մինչև հունիսի 1-ը «Պրոմեդիա-Գենդեր» կազմակերպության կողմից՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) աջակցությամբ՝ «Ակտիվության 16 օր՝ ընդդեմ գենդերային բռնության» ծրագրի շրջանակներում:
«Հետազոտության արդյունքները ցույց տվեցին նաև, որ մեր ԶԼՄ-ներում տղամարդիկ առավել հաճախ են հիշատակվում, քան կանայք՝ 86/10 տոկոս հարաբերակցությամբ, ընդ որում պետք է նշել, որ հանրապետության լրագրողների 73 տոկոսը կանայք են»,- նշեց «Պրոմեդիա-Գենդերի» նախագահը:

Ըստ Հովնաթանյանի, նման դիտարկումներն աշխարհում անց են կացվում յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, և 2010թ.-ին անցկացված վերջին հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ողջ աշխարհի հրապարակումների 76 տոկոսը տղամարդկանց են վերաբերում: -0-