Հայաստանը կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ավելի պրակտիկ մեխանիզմների կարիք ունի. ԵԱՀԿ

08.12.2011, 14:42
Հայաստանը կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ավելի պրակտիկ մեխանիզմների կարիք ունի. ԵԱՀԿ

Հայաստանը պետք է ավելի արդյունավետ և պրակտիկ մեխանիզմներ մշակի կիբեռհանցավորության դեմ պայքարում, կարծում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան:

«Գոհունակությամբ նշում եմ, որ Հայաստանում կիբեռանվտանգության հարցերին ամենաբարձր մակարդակով ուշադրություն է դարձվում, դրա լավագույն օրինակը կառավարությանն առընթեր Կիբեռհանցավորության դեմ պայքարի կոմիտեի ստեղծումն է: Սակայն պայքարի միայն տեսական մեխանիզմները բավարար չեն, անհրաժեշտ են պրակտիկ մեխանիզմներ»,- ասաց նա հինգշաբթի Երևանում «Կիբեռանվտանգությունը և կիբեռհանցավորության վիճակը Հայաստանի Հանրապետությունում» համաժողովի ընթացքում:

Հոֆստրան ընդգծեց, որ անհրաժեշտ է ձեռնահաս գերատեսչությունների աշխատակիցների կազմակերպված և համակարգված վերապատրաստում:

Հենց այդ պատճառով, ըստ նրա, Նյու Յորք նահանգի Օլբանիի համալսարանի հետ համատեղ մշակած կիբեռանվտանգության ուսումնական ծրագիրը նախատեսված է ոչ միայն Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողների, այլ նաև Հայաստանի կիբեռանվտանգության ոլորտի մասնագետների համար ընդհանուր առմամբ:

«Կիբեռանվտանգությունը և կիբեռհանցավորության վիճակը Հայաստանի Հանրապետությունում» համաժողովը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանի ոստիկանության կողմից, նվիրված է միջազգային փորձի ուսումնասիրմանը կիբեռհանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև Հայաստանի կիբեռանվտանգության մակարդակի գնահատման ոլորտում: -0-