ՀՀ ոստիկանությունը 18 տարվա վաղեմության սպանություն է բացահայտել

07.12.2011, 18:45
ՀՀ ոստիկանությունը 18 տարվա վաղեմության սպանություն է բացահայտել
ՀՀ ոստիկանությունը 18 տարվա վաղեմության սպանություն է բացահայտել

Հայաստանի ոստիկանությունը հաղորդում է Երևանում 18 տարի առաջ կատարած սպանության բացահայտման մասին: Ոստիկանության օպերատիվ ամփոփագրից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 5-ին, սպանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել  նախկինում 4 անգամ դատապարտված, 72-ամյա Յուրիկ Նասիբյանը և 38-ամյա Աշոտ Խաչատրյանը:

«Պարզվել է, որ նրանք 1993 թվականի մայիսի 20-ի երեկոյան, հանցավոր համաձայնության գալով, բնակարան գնելու պատրվակով մտել էին Շինարարների փողոցի բնակարաններից մեկը, որտեղ Աշոտ Խաչատրյանը խոհանոցային դանակով սպանել էր տանտիրուհի Թամարա Դերզյանին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հափշտակելով տարբեր հնաոճ իրեր՝ հանցագործները հեռացել էին: Ավելի ուշ հափշտակված իրերի մի մասն առգրավվել է:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, օրեր առաջ ՀՀ ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը մեկնել էր ՌԴ Վլադիմիր քաղաք, որտեղ հափշտակված իրեղեն ապացույց հանդիսացող հնաոճ ափսեն ճանաչման է ներկայացվել տուժողի դստերը, որը ճանաչել է մոր տնից հափշտակված իրը:

«Յուրիկ Նասիբյանն ու Աշոտ Խաչատրյանը ձերբակալված են: Նախաքննությունը կատարում է ոստիկանության Մաշտոցի քննչական բաժինը»,- նշվում է հաղորդագրությունում: -0-