Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացումն առաջնային է իշխանությունների համար. Սարգսյան

06.12.2011, 20:05
Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացումն առաջնային է իշխանությունների համար. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՀԱԷԿ-ի գործող բլոկի անվտանգության մակարդակի բարձրացումը Հայաստանի իշխանությունների կարևորագույն առաջնահերթություններից մեկն է, երեքշաբթի Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 12-րդ նիստի բացման ժամանակ ելույթ ունենալիս ասել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին նախագահական մամուլի ծառայությունից, Սարգսյանը նշել է, որ ծանոթացել է ՀԱԷԿ-ի կարգավորող մարմնի և  ղեկավարության կողմից ներկայացված նյութերին, ինչպես նաև ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման վերաբերյալ Վիեննայում ընթացիկ տարվա հոկտեմբերին կայացած ՄԱԳԱՏԷ-ի համակարգող խորհրդի նյութերին:

«Մենք հասկանում ենք դոնոր երկրների դիրքորոշումը՝ ատոմակայանի անվտանգության բարձրացման ուղղությամբ աշխատանքների համաֆինանսավորման մեջ հայկական կողմի մասնակցության բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ: Իհարկե, այս հարցում կան օբյեկտիվ դժվարություններ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և Հայաստանի տնտեսության վրա դրա բացասական ազդեցությունը լուրջ ճշգրտումներ են մտցրել մեր ծրագրերում»,- նշել է նա:

Այդ կապակցությամբ նշելով, որ 2010թ. ապրիլին բարձրացվեց բնական գազի սակագինը, նախագահը նշել է, որ չցանկանալով խորացնել բնակչության սոցիալական վիճակը՝ երկրի իշխանությունները պահպանեցին էլեկտրաէներգիայի վերջնական սակագինը և միայն բարձրացրեցին ՀԱԷԿ-ի էլեկտրաէներգիայի մշակման սակագինը:

Բայց այս ընթացքում թանկացել են ինչպես միջուկային վառելիքը, այնպես էլ վերանորոգման աշխատանքների արժեքը: Արդյունքում, ՀԱԷԿ-ի սակագնային տարբերությունը (մարժան) անբավարար եղավ անհրաժեշտ բոլոր ծախսերը հոգալու համար: Այդ կապակցությամբ, մենք փորձում ենք ստեղծված դրությունից դուրս գալու համար լրացուցիչ ռեսուրսներ փնտրել»,- պարզաբանել է նա:

Պետության ղեկավարն ընդգծել է նաև, որ ՀԱԷԿ-ի ղեկավարությունը պետք է շտապ որոշակի գործողություններ ձեռնարկի Հայաստանի ատոմային էներգետիկայի ենթակառուցվածքի և կայանի համար մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ՝ «հաշվի առնելով այն, որ տարածաշրջանում նոր ատոմային կայան է հայտնվել, որտեղ աշխատավարձը շատ ավելի բարձր է, քան մեր ատոմակայանում»: --0--