Հայաստանում Գյուղատնտեսական դաշինք է ստեղծվել

06.12.2011, 16:09
Հայաստանում Գյուղատնտեսական դաշինք է ստեղծվել

Հայաստանում գյուղատնտեսության զարգացման հատվածում գործող տեղական և միջազգային կազմակերպությունները երեքշաբթի Երևանում  Գյուղատնտեսական դաշինք ստեղծելու մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:  

Դաշինքը ստեղծվել է Oxfam բրիտանական կազմակերպության հայկական գրասենյակի և ՄԱԶԾ (UNDP) նախաձեռնությամբ:

Հուշագիրը ստորագրել են Օքսֆամ ՄԲ Հայաստանի, ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի, «Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոն» հիմնադրամի, ԱՄՔՈՐ-ի, «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի, ԷյՍիԴիԱյ/ՎՕԿԱ-ի, ՀՀ ԳՆ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի (ԲԲՏՄ ԳԿ), «Հորիզոն» Հիմնադրամի, ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպություն, ՎԻՍՏԱԱ Պլյուսի, Սի.Օ.Էյ.Էֆ մանուկների բարեգործական հիմնադրամի, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության (ՍԻՊ) ներկայացուցիչները:

Ըստ Oxfam բրիտանական կազմակերպության հայկական գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի՝ Դաշինքի ստեղծման նպատակն է  համատեղ ագիտացիոն քարոզարշավների, տեղեկատվության և փորձի փոխանակման միջոցով աջակցել ՀՀ գյուղատնտեսության ոլորտի խնդիրների լուծմանը:

«Մենք որոշեցինք գյուղատնտեսական դաշինք ստեղծել՝ hաշվի առնելով երկրում գյուղատնտեսության ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման և տնտեսվարողների գործունեության պայմանների բարելավման անհրաժեշտությունը, ինչպես նաև ագրարային ոլորտում մասնագիտական գիտելիքների պակասը, խորհրդատվական համակարգի բարելավման և ոլորտի վերաբերյալ տեղեկատվության տարածման և փոխանակման անհրաժեշտությունը»,- փաստաթղթի ստորագրման արարողությունից առաջ լրագրողներին ասաց Հակոբյանը:

Նա նշեց, որ Փխըմբռնման հուշագրի ստորագրմամբ նաև նշվում է տեղական գյուղմթերքի արտադրությունը խթանելու համար ոլորտում ավելի շատ ֆինանսական ռեսուրսների ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծման առաջնահերթությունը:

Հակոբյանն ընդգծեց, որ նորաստեղծ Դաշինքը՝ որպես երկրի հավասարաչափ   զարգացման նախապայման, կընդգծի նոր տեխնոլոգիաների հասանելիության բարձրացման, ազատ տնտեսական գոտիներում սահմանամերձ համայնքների ինտեգրման, ինչպես նաև բնական աղետներից ռիսկերի նվազման նպատակով ապահովագրման համակարգերի ներդրման անհրաժեշտությունը:

Բացի այդ, նկատի ունենալով սերմնաբուծության, տոհմային անասնաբուծության համակարգի անկատարությունը և գործուն մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը, դաշինքը հատկապես կարևորում է գործող ֆինանսական համակարգի կողմից գյուղացիական տնտեսությունների հիմնական մասի համար վարկավորման և լիզինգային մատչելի պայմանների ապահովումը:

«Այն կազմակերպությունները, որոնք մտնում են Դաշինքի մեջ, կանոնավոր կերպով քննարկելու են գործողությունների ծրագիրը»,-ավելացրեց նա:

Ինչպես ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, ՀՀ գյուղատնտեսության ոլորտն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի: Մասնավորապես նա նշեց ոչ մեծ հողտարածքներն ու դրանց  մասնատված լինելը, հայ ֆերմերների մոտ մասնագիտական հմտությունների պակասը, ժամանակակից տեխնիկայի բացակայությունը, գյուղատնտեսական շուկաներ ֆերմերների հասանելիության սահմանափակությունը և գյուղատնտեսությունների վարկավորման մեխանիզմների անկատարությունը:

«Ինչպես տեսնում ենք, ոլորտի առջև կանգնած մարտահրավերները, շատ լուրջ են: Չնայած նրան, որ երկրի տնտեսությունը կրկին սկսում է աճ ցույց տալ, ՀՀ կառավարությունը դեռ միջազգային հանրության աջակցության կարիքն ունի: Միայն հետևողական և համախմբված ջանքերով կարող ենք լուծել այդ խնդիրները»,- նշեց նա:

Գերչևան նաև հույս հայտնեց, որ առաջիկայում արդեն կերևան Գյուղատնտեսական դաշինքի ստեղծման դրական արդյունքները:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն իր հերթին նշեց, որ երկրում նման դաշինքի ստեղծման անհրաժեշտությունն այսօր առավել արդիական է, քան երբևէ:

«2011թ.-ին կառավարությունը գյուղատնտեսության ոլորտն առաջնային է հայտարարել երկրի տնտեսությունում, սակայն միայն տվյալ ոլորտի պետական աջակցությունը չի կարող արդյունավետ լինել: Ես ողջունում եմ այդ դաշինքի ստեղծումը, առավել ևս, որ դրա կազմում այնպիսի կազմակերպություններ են ընդգրկվել, որոնք արդեն երկրի տնտեսական և հասարակական հատածներում ապացուցել են իրենց  մեղսունակությունը»,- ավելացրեց Մակարյանը:

Դաշինքը բաց կլինի համագործակցության համար, դրան կարող են միանալ բոլոր շահագրգռվող կողմերը, որոնք զբաղվում են Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի զարգացման հարցերով: -0-