Երևանի Կարապի լճի սահադաշտը կբացվի դեկտեմբերի 1-ին

30.11.2011, 19:36
Երևանի Կարապի լճի սահադաշտը կբացվի դեկտեմբերի 1-ին

Երևանի Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացման գունեղ արարողությունը կկայանա դեկտեմբերի մեկին Երևանում, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` սահադաշտի բացումը կուղեկցվի  մարզահամերգային գեղեցիկ ծրագրով, պատանի գեղասահորդների ցուցադրական ելույթներով ու հաճելի անակնկալներով։

Այցելուների համար սահադաշտի տոմսի արժեքը մնացել է անփոփոխ՝ սեփական չմուշկներով այցելության դեպքում այն 500 դրամ է (մոտ 1,4 դոլար), սահադաշտի աշխատակազմի կողմից չմուշկներ տրամադրելու դեպքում՝ 1000 դրամ։

Սահադաշտը, համապատասխան եղանակային պայմանների առկայության դեպքում, կգործի ամեն օր՝ ժամը 11:00-16:30-ը։ 16:30-18:00-ն սահադաշտում սառույցի մաքրման ու մշակման պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն, որից հետո սահադաշտը կշարունակի աշխատել մինչև ժամը 23:00-ն:

Երևանի կենտրոնում գտնվող սահադաշտն առաջին անգամ գործարկվել է 2005 թվականին, նրա ընդհանուր մակերեսը կազմում է 1030 քառակուսի մետր: Սովորաբար սահադաշտը գործում է մինչև մարտի կեսերը՝ օրական ունենալով մի քանի հարյուր այցելու: -0-