Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը հաջորդ սեզոնից չի մարզելու «Փյունիկ» ակումբը

25.11.2011, 14:52
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը հաջորդ սեզոնից չի մարզելու «Փյունիկ» ակումբը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը հաջորդ սեզոնից չի մարզելու «Փյունիկ» ակումբը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը հաջորդ սեզոնից չի մարզելու «Փյունիկ» ակումբը, ուրբաթ լրագրողներին ասաց ակումբի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը:

Նրա խոսքերով` հեռանալով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը 13 անգամ գրաված ակումբի ավագ մարզչի պաշտոնից՝ Մինասյանը կզբաղեցնի «Փյունիկի» տեխնիկական տնօրենի պաշտոնը, իսկ գլխավոր մարզիչը կլինի Սուրեն Չախալյանը (ով ավելի վաղ գլխավորել է մինչև 17 տարեկան երիտասարդների հավաքականի մարզչական շտաբը - «Նովոստի-Արմենիա»):

Ինչպես նշել է Հարությունյանը, այս որոշումը պայմանավորված է Մինասյանի մեծ ծանրաբեռնվածությամբ, և նոր պաշտոնում նա կկարողանա ավելի շատ ուշադրություն հատկացնել ազգային հավաքականին: «Մեր ազգային հավաքականի առաջ արդեն շատ մեծ խնդիրներ են դրվել», - ասել է Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ հարկավոր է այլ մարզիչներին ևս հնարավորություն տալ մասնագիտական աճի համար:

Մինասյանն իր հերթին նշել է, որ մարզչի փոփոխության պատճառով «Փյունիկ» ակումբի ոճը չի փոխվի, և նման որոշումը թույլ կտա նրան ավելի շատ ժամանակ տրամադրել ազգային հավաքականին, դուրս գալ երկրից, հետևել ֆուտբոլիստներին, ովքեր հանդես են գալիս արտասահմանում, գտնել նոր անուններ:

Մինասյանը նաև ավելացրել է, որ համակարգելու է Հայաստանի բոլոր հավաքականների աշխատանքը՝ պատանեկան, երիտասարդական և ազգային:

Նախորդ սեզոնում «Փյունիկը» զբաղեցրեց երկրորդ տեղը Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում՝ ոսկե մեդալները զիջելով Երևանի «Ուլիս» ակումբին:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը զբաղեցնում է 46-րդ տեղը ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշում՝ ԱՊՀ երկրների շրջանում զիջելով միայն Ռուսաստանին, որը զբաղեցնում է 12-րդ տեղը:-0-