ՀՀԿ-ն կոչ է անում ընտրական գործընթացները գնահատելիս զերծ մնալ պոպուլիստական կարգախոսներից

25.11.2011, 13:41
ՀՀԿ-ն կոչ է անում ընտրական գործընթացները գնահատելիս զերծ մնալ պոպուլիստական կարգախոսներից
ՀՀԿ-ն կոչ է անում ընտրական գործընթացները գնահատելիս զերծ մնալ պոպուլիստական կարգախոսներից

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը կոչ է արել քաղաքական ուժերին զերծ մնալ պոպուլիստական կարգախոսներից ընտրական գործընթացները գնահատելիս:

«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված Շարմազանովի հայտարարաությունում ասվում է, որ նոյեմբերի 21-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է հղել Հանրապետության նախագահ և Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին, որում շարադրվել են երկրում ազատ և արդար ընտրությունների անցկացմանն ուղղված մի շարք առաջարկություններ:

«ՀՀԿ-ն դրական է գնահատում ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած քաղաքական ուժի կառուցողական և անաչառ մոտեցումը և կարևորում դրանց բարելավմանն ու կատարելագործմանն ուղղված յուրաքանչյուր հիմնավորված առաջարկության շահագրգիռ քննարկումը»,- նշեց Շարմազանովը:

Միաժամանակ, պատգամավորի խոսքով, ՀՀԿ-ն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ բարեփոխումներ ակնկալող նախաձեռնությունները պետք է ունենան դրական միտում և բացառեն առանձին երևույթների սուբյեկտիվ ընկալումները որպես օբյեկտիվ իրականություն ներկայացնելու կամ այդպիսի պատրանք ստեղծելու հավանականությունը, «քանզի արդարացի չէ սուբյեկտիվ գնահատականները դնել քաղաքական և իրավական գործընթացների օրինաչափությունների բացահայտման հիմքում»:

«Ազատ և արդար ընտրություններ կազմակերպելու և անցկացնելու իշխանության ստանձնած քաղաքական պարտավորության իրականացմանն ուղղված կարևորագույն քայլերից մեկը դարձել է ընտրական նոր օրենսգրքի ընդունումը: Նամակում արծարծված հարցերի գերակշռող մեծամասնությունը իրենց կարգավորումն են ստացել նոր օրենսգրքի մեջ և դրանք առավել առարկայական ու չափելի կարող են դառնալ բուն ընտրական գործընթացներում»,- նշեց Շարմազանովը:

 

Նա ավելացրեցո, որ այդ պարագայում հռչակագրային բնույթի հայտարարությունները կամ պոպուլիստական կարգախոսները չպետք է փաստացի իրացվող քաղաքական կամքը կասկածի տակ դնելու գործիք ծառայեն:

«Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է զերծ մնալ իշխանության ստանձնած քաղաքական պարտավորությունները բացարձականացնելու փորձերից, քանզի դրանք ունեն ողջամիտ սահմաններ և չպետք է դառնան այլոց իրավունքները, ազատություններն ու կամարտահայտությունը սահմանափակելու կամ ոտնահարելու պատրվակ»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ ցանկացած պետություն պետք է ձգտի անթերի ընտրությունների, սակայն դրանց անցկացումից առաջ կանխատեսվող ենթադրյալ շեղումները չպետք է նսեմացնեն այդպիսի ձգտման արժեքը:

«Այլ խնդիր է, որ ընտրական գործընթացներում բացահայտված կամ արձանագրված ցանկացած խախտում պետք է համարժեք գնահատական ստանա, և դա է լինելու քաղաքական այդ հանձնառության կատարման չափանիշներից մեկը»,- հավելեց Շարմազանովը: -0-