Սոբյանինը շնորհավորել է Տարոն Մարգարյանին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

24.11.2011, 19:15
Սոբյանինը շնորհավորել է Տարոն Մարգարյանին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը շնորհավորել է Տարոն Մարգարյանին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Տարոն Մարգարյանը պաշտոնապես ստանձնել է մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը նոյեմբերի 18-ին՝ այդ պաշտոնում Երևանի Ավագանու խորհրդի կողմից ընտրվելուց հետո:

«Մոսկվացիների և Մոսկվայի կառավարության անունից  ընդունեք մեր անկեղծ  շնորհավորանքները` Երևանի քաղաքապետի պաշտոնում Ձեր ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ  Մոսկվայի և Երևանի միջև փոխշահավետ համագործակցությունը հետայսու ևս կզարգանա` իր ներդրումն ունենալով մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման գործում», - նշել է Սոբյանինը:

Մոսկվայի քաղաքապետը մաղթել է Մարգարյանին քաջառողջություն և հաջողություններ պատասխանատու աշխատանքում` ի բարօրություն Երևանի բնակիչների:

Երևանի քաղաքապետի պաշտոնը մնացել էր թափուր այն բանից հետո, երբ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ բացատրելով իր որոշումը այլ աշխատանքի անցնելով և անձնական պատճառներով:

Մարգարյանի թեկնածությունը հոկտեմբերի 31-ին առաջադրել է ՀՀԿ-ի խորհուրդը: Մինչ քաղաքապետի պաշտոնում ընտրվելը Մարգարյանը զբաղեցրել է փոխքաղաքապետի պաշտոնը:-0-