Մի շարք օրենսդրական լրացումներ՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար

24.11.2011, 15:05
Մի շարք օրենսդրական լրացումներ՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումն ու կիրառումը կբարձրացնեն կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը՝ նպաստելով կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ տարվող ՀՀ հակակոռուպցիոն պետական քաղաքականության իրականացմանը։

«Տվյալ փաթեթը բխում է կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության և 2009-2012 թթ. դրանց դրույթների կատարման միջոցառումների ծրագրից, որին համապատասխան ենթադրվում է ամփոփել և հստակեցնել կոռուպցիոն հանցագործությունների շրջանակները»,- կառավարական նիստի ընթացքում հայտարարեց Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նախարարի խոսքով, Վարչական իրավախախտումների օրենսգրքում և «Կուսակցությունների մասին» օրենքում կատարած փոփոխությունների շրջանակներում պատասխանատվություն կսահմանվի կուսակցությունների կողմից ֆինանսական հաշվետվության չներկայացնելու և թափանցիկություն չապահովելու, ինչպես նաև նվիրատվությունների սահմանված չափերը գերազանցելու համար:

Թովմասյանը հայտնեց նաև, որ տվյալ օրենսդրական փաթեթը կընդգրկվի նոյեմբերի 28-ին նախատեսված Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում: -0-