Հայ Առաքելական եկեղեցին պարտավոր է իր դիրքորոշումն արտահայտել հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ. քահանա

23.11.2011, 14:59
Հայ Առաքելական եկեղեցին պարտավոր է իր դիրքորոշումն արտահայտել հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ. քահանա

Հասունացել է այն պահը, որպեսզի Հայ Առաքելական եկեղեցին իր դիրքորոշումն արտահայտի հղիության արհեստական ընդհանտումների վերաբերյալ, կարծում է Երևանի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ, Կյուրեղ քահանա Տալյանը:

«Այսօր Հայ Առաքելական եկեղեցին մի խնդրի առջև է կանգնած, որ շատ մարդիկ չեն հասկանում, չեն գիտակցում, որ հղիության արհեստական ընդհատումը մեղք է համարվում»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Ըստ քահանայի՝ հղիության արհեստական ընդհատումը հասարակության մեջ բարոյական անկման հետևանք է, ինչն իր հերթին հոգևոր պատճառներ ունի: Միաժամանակ նա ընդգծեց, որ ցանկացած հասարակության բարոյական անկման աստիճանը հնարավոր է չափել, թե որքանով է այն հանդուրժող կամ անտարբեր նման երևույթի հանդեպ, ինչպիսին աբորտն է:

«Որքան կյանքեր ենք մենք՝ հայերս, նման կերպով ոչնչացրել հազարավոր տարիների ընթացքում, հնարավոր է նրանց շրջանում հանճարեղ գիտնականներ, նկարիչներ, փիլիսոփաներ, գրողներ, առաջնորդներ են եղել: Որքանով ենք մենք աղքատացրել ինքներս մեզ»,- ասաց նա:

Միաժամանակ նա հարց է տվել, թե ինչ պատասխան է տալու Աստծու առաջ այն մարդը, ով ընդհատել է մոր արգանդում զարգացող կյանքը:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հղիության արհեստական ընդհատման դեպքերի քանակը 10,9 տոկոսով կրճատվել է 2009թ.-ի համեմատ և ծննդաբերության տարիքի 1000 կանանց հաշվարկը կազմում է 13,5, ընդ որում աբորտների առավելագույն քանակը գրանցվել է 20-34 տարեկան հասակի կանանց շրջանում: -0-