Պրահայում ՀՀ դեսպանատուն է բացվել

23.11.2011, 13:09
Պրահայում ՀՀ դեսպանատուն է բացվել
Պրահայում ՀՀ դեսպանատուն է բացվել

Նախօրեին տեղի է ունեցել Պրահայում ՀՀ դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը՝ Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարել Շվարցենբերգի ներկայությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Արարողությանը ներկա էին Պրահայում հավատարմագրված դեսպաններ, Չեխիայի խորհրդարանի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Երկու երկրների ԱԳ նախարարների՝ նույն օրը տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կարել Շվարցենբերգը շնորհավորեց Պրահայում Հայաստանի դեսպանության բացման կապակցությամբ` ընդգծելով, որ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու Հայաստանի իշխանությունների որոշումը նոր լիցք կհաղորդի հայ-չեխական համագործակցությանը:  

Նալբանդյանն իր հերթին նշել է, որ Պրահայում Հայաստանի դեսպանության բացումը վկայում է Չեխական Հանրապետության հետ բարեկամական գործընկերությունը խորացնելու և ընդլայնելու հայկական կողմի նպատակադրվածության մասին։

«Շուրջ երեք տարի առաջ Չեխիա կատարած իմ այցելության ընթացքում մենք ընդգծեցինք, որ պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք մեր հարաբերությունների զարգացման համար։ Այսօր մենք գոհունակությամբ կարող ենք նշել, որ մեր հարաբերություններն որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել», - նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

«Հաճելի է նշել, որ անցած մի քանի տարիների ընթացքում իրական առաջընթաց է արձանագրվել քաղաքական երկխոսության ակտիվացման,  բարձրաստիճան այցերի կազմակերպման, իրավապայմանագրային դաշտի ամրապնդման ուղղությամբ», - ավելացրել է Նալբանդյանը:

Նա հիշեցրել է, որ անցած երեք տարիներին Հայաստանի նախագահը, վարչապետը և արտաքին գործերի նախարարն այցելել են Պրահա։

Նալբանդյանի խոսքերով՝ ակտիվացել են միջխորհրդարանական կապերը:

«Նախարարները գոհունակությամբ նշեցին, որ վերջին երեք տարվա ընթացքում երկկողմ ութ համաձայնագրեր են ստորագրվել», - նշվում է տեղեկատվության մեջ:

Հայաստանի և Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից խոսեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային խնդիրների մասին: Էդվարդ Նալբանդյանն ու Կարել Շվարցենբերգը անդրադարձան առևտրատնտեսական համագործակցության ներուժի օգտագործմանը,  ներդրումների խրախուսման նպատակով քայլերի ձեռնարկմանը, մշակութային փոխանակումների ակտիվացմանը:

Նախարարները քննարկեցին Հայաստան-ԵՄ համագործակցությունը, Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող ծրագրերը։

Միաժամանակ Չեխիայի արտգործնախարարը բարձր գնահատեց Հայաստանում իրականացվող բարեփոխումները:

Միջգերատեսչական փոխգործակցության ակտիվացման համատեքստում նախարարները պայմանավորվեցին ԱԳՆ-ի միջև խորհրդակցությունների ծրագիր մշակել և համագործակցություն ծավալել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և  Չեխիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև:

Էդվարդ Նալբանդյանն իր չեխ գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը։ Երկուստեք ընդգծվեց, որ հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորումն այլընտրանք չունի։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև Սենատի նախագահի առաջին տեղակալ Պրեմիսլ Սոբոտկայի և Սենատի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող սենատորների հետ:

«Չեխ սենատորները բարձր գնահատեցին Պրահայում ՀՀ դեսպանության հիմնադրումը՝ վստահություն հայտնելով, որ մշտական դիվանագիտական ներկայացուցչությունը լուրջ խթան կհանդիսանա հարաբերությունների հետագա ամրապնդման գործում», - նշվում է տեղեկատվության մեջ:

Հանդիպմանը քննարկումներ ծավալվեցին երկկողմ հարաբերությունների ամրապնդման, միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Սենատորների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Չեխիայի Միջազգային հարաբերությունների ասոցիացիայում, ինչպես նաև հանդիպել է Չեխիայի հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հարցազրույց է տվել չեխական առաջատար «Լիդովե Նովիցի» թերթին: -0-