Մինչև տասը տարի հնեցման հայկական գինին և կոնյակը չեն թանկանա ակցիզահարկի մասին օրենքում նախատեսված փոփոխություններից հետո

18.11.2011, 14:06
Մինչև տասը տարի հնեցման հայկական գինին և կոնյակը չեն թանկանա ակցիզահարկի մասին օրենքում նախատեսված փոփոխություններից հետո

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մինչև տասը տարի հնեցման գինին և կոնյակը չեն թանկանա «Ակցիզահարկի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների հետևանքով, խորհրդարանի նիստի ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:

«Փոփություններով նախատեսվում է հավասարեցնել ներկրվող և Հայաստանում արտադրվող ալկոհոլային խմիչքների նկատմամբ կիրառվող ակցիզահարկի տոկոսադրույքները: Մենք սահմանում ենք նաև ադվալորային տոկոսադրույքներ, և դա նշանակում է, որ թանկարժեք խմիչքների համար ավելի շատ հարկ է վճարվելու: Այս ամենի հետևանքով հնարավոր է ալկոհոլային խմիչքների որոշակի հատվածի թանկացում և դրանց օգտագործման նվազում», - մեջբերում է փոխնախարարի խոսքերը «ԱՌԿԱ» տնտեսական լրատվական գործակալությունը:

Նրա խոսքերով` օրինագծում նախատեսված չեն փոփոխություններ գինու ակցիզահարկի տոկոսադրույքի գծով, քանի որ այն ավանդական խմիչք է, որն ուղղակիորեն կապված է խաղողագործության հետ: «Ինչ վերաբերում է կոնյակին, ապա հնարավոր է` թանկանա միայն տասը տարուց ավել հնեցում ունեցող թանկարժեք կոնյակը», - ընդգծել է նա:

Կարայանը նաև հավաստիացրել է, որ օրինագծի ընդունումը միայն դրական կազդի գինու և կոնյակի արտահանման վրա: «Մենք հավասարեցնում ենք տեղական և ներկրվող արտադրանքը` նման կերպով կատարելով մեր օտարերկրյա գործընկերների պահանջը և երաշխավորում ենք մեր արտահանողներին, որ արտերկրում հայկական ալկոհոլային արտադրանքի նկատմամբ խտրական քաղաքականություն այսուհետ չի լինելու», - ասել է նա:

Այժմ Հայաստանում գործում է շուրջ 20 տեղական և միջին գինեգործական ընկերություն: Հայաստանում խաղողագործությամբ զբաղվում է 40 հազար ֆերմեր, ընդ որում խաղողի 90 տոկոսն օգտագործվում է կոնյակի պատրաստման և միայն 10 տոկոսը՝ գինու պատրաստման համար:

ՀՀ ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել կառավարության կողմից պատրաստված օրենսդրական փաթեթը, որի համաձայն` նախատեսվում է էական փոփոխություններ կատարել հարկային օրենսդրության մեջ` 2011 թ.-ի համեմատ 2012 թ.-ին շուրջ 100 միլիարդ դրամի  (շուրջ 260 մլն դոլար) չափով պետբյուջեում հարկային հավաքների ավելացումն ապահովելու նպատակով:

Մասնավորապես, առաջարկվում է «շքեղության հարկ» մտցնել ավելի քան 90 հազար դոլար արժողությամբ թանկարժեք մեքենաների համար, 50 տոկոսով ավելացնել հարկման բազան թանկարժեք ալկոհոլային խմիչքների ոլորտում և 25 տոկոսի հասցնել եկամտահարկը 2 մլն դրամ (շուրջ 5,2 հազար դոլար) և ավել եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց համար:-0-