Նոր էներգանախագծերը չպետք է խախտեն ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում. ՀՀ նախագահ

17.11.2011, 20:15
Նոր էներգանախագծերը չպետք է խախտեն ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում. ՀՀ նախագահ
Նոր էներգանախագծերը չպետք է խախտեն ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Էներգետիկ նոր նախագծերը չպետք է օգտագործվեն Հարավային Կովկասի  տարածաշրջանում ուժերի առկա  հավասարակշռության խախտման նպատակով, նշվում է Երևանում անցկացվող «Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության դինամիկա» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում:

Երևանում նոյեմբերի 17-18-ն անցկացվող համաժողովին մասնակցում են անվտանգության ոլորտի փորձագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Թուրքիայից, Իսրայելից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից և Ռումինիայից:

«Էներգետիկ գործոնը էական դեր է խաղում Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական գործընթացներում, և Հայաստանը ըմբռնումով է մոտենում էներգակիրների մատակարարման նոր աղբյուրների և ուղիների ձևավորման քաղաքականությանը: Սակայն էներգետիկ նոր նախագծերը չպետք է օգտագործվեն տարածաշրջանում ուժերի առկա հավասարակշռության խախտման նպատակով», - ասել է Սարգսյանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նշել է, որ նման քաղաքականությունը ոչ միայն վտանգում է տարածաշրջանի երկրների անվտանգությանը, այլև կարող է լրջորեն խոչընդոտել էներգակիրների անխափան մատակարարմանը:

«Չի կարելի թույլ տալ, որպեսզի Հարավային էներգետիկ միջանցքը դառնա նոր պատերազմ սնուցող աղբյուր: Այս ամենը չի բխում ոչ միայն տարածաշրջանի անվտանգության  շահերից, այլև նավթային և գազային ընկերությունների շահերից», - հայտարարել է ՀՀ նախագահը:

Հարավային էներգետիկ միջանցքը նախատեսում է դեպի Եվրոպա գազի մատակարարում Կենտրոնական Ասիայի երկրներից և Ադրբեջանից`շրջանցելով Ռուսաստանը և իր մեջ է ներառում  Nabucco, ТАР (Անդրադրիատիկ գազատար) և ITGI (Թուրքիա-Հունաստան-Իտալիա) գազատարների նախագծերը:-0-