Միջին-մասնագիտական հաստատությունների սաներն իրենց հմտություններ են ցուցադրել Երևանում անցկացված օլիմպիադա-մասնագիտական կարողությունների ցուցադրությունում

10.11.2011, 16:03
Միջին-մասնագիտական հաստատությունների սաներն իրենց հմտություններ են ցուցադրել Երևանում անցկացված օլիմպիադա-մասնագիտական կարողությունների ցուցադրությունում

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Քսանմեկ հայկական միջին-մասնագիտական հաստատությունների շուրջ 90 ուսանողներ գործնականում ցուցադրեցին իրենց հմտությունները «Ես կարող եմ աշխատել» խորագրով օլիմպիադա-մասնագիտական կարողությունների ցուցադրության շրջանակներում, որը տեղի է ունեցել հինգշաբթի Երևանում ՀՀ ԿԳՆ-ի նախաձեռնությամբ:

Ինչպես ցուցադրության բացման արարողության ժամանակ հայտարարեց միջոցառման համակազմակերպիչ, Մասնագիտական ուսուցման և զարգացման ազգային կենտրոնի  (ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն Մարինե Հակոբյանը, Հայաստանում առաջին անգամ օլիմպիադա և ցուցադրություն է անցկացվում, որի շրջանակներում կարելի է սեփական աչքերով տեսնել սաների ստեղծագործական գործընթացը:

«Մենք հուսով ենք, որ նման միջոցառում կանցկացվի ամեն տարի», - ասել է նա:

Նրա խոսքերով՝ օլիմպիադայի մասնակիցները բաժանվել են երեք թիմերի՝ ըստ մասնագիտության՝ «Խոհարար», «Հյուսն, ատաղձագործ» և «Դերձակ-մոդելավորող»: «Մրցույթի մասնակիցները ներկաների աչքի առջև պետք է որոշակի ժամանակահատվածում կատարեն հանձնարարությունը, իսկ ժյուրին կգնահատի նրանց մասնագիտական հմտությունները», - ասել է նա՝ ավելացնելով, որ հաղթողներին կհանձնվեն մրցանակներ:

Հակոբյանն ավելացրել է, որ էքսպո-ցուցահանդեսը կանցկացվի հետևյալ կատեգորիաներում՝ «Փայտի գեղարվեստական փորագրող», «Հասարակական սնունդ», «Գորգագործ», «Քարի գեղարվեստական փորագրող», «Խեցեգործական գեղարվեստական իրեր պատրաստող», «Մանրանկարիչ», «Գեղանկարչություն», «Դարբին դրոշմող», «Կիրառական արվեստ», «Թարգմանիչ-սպասարկման կազմակերպիչ», «Ոսկերիչ» և «Դերասանական վարպետություն»:

«Այս միջոցառման նպատակն է ցուցադրել նախնական և միջին մասնագիտական կրթության հաստատությունների սաների գործնական հմտությունները, նպաստել մասնագիտական ուսուցման դերի բարձրացմանը, ինչպես նաև աջակցել սոցիալական գործընկերության ամրապնդմանը», - ընդգծել է նա: 

Միջոցառման բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ինչպես նաև սոցիալական գործընկերության ծրագրերի շահառուները, վերը նշված ոլորտների մասնագետները, գործատու ընկերությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:-0-