Հայաստանում արդար և թափանցիկ ընտրությունների ապահովումը կախված է հենց քաղաքացիներից. պատգամավոր

10.11.2011, 15:30
Հայաստանում արդար և թափանցիկ ընտրությունների ապահովումը կախված է հենց քաղաքացիներից. պատգամավոր
Հայաստանում արդար և թափանցիկ ընտրությունների ապահովումը կախված է հենց քաղաքացիներից. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արդար և թափանցիկ ընտրությունների ապահովումը, նախևառաջ, երկրի քաղաքացիների գործն է, կարծում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը:

«Մենք ինքներս, մեր հասարակությունը, դեռևս այնքան էլ բարձր մակարդակի վրա չենք: Չունենք այնպիսի իրավագիտակցություն և սկզբունքներ, որոնց դեպքում հնարավոր կլիներ անցկացնել առավելագույնս արդար և թափանցիկ ընտրություններ»,- հինգշաբթի ասաց նա լրագրողներին:

Բոստանջյանի խոսքով՝ եթե 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում թերություններ լինեն, ապա դրանք պայմանավորված կլինեն ոչ թե Ընտրական օրենսգրքի անկատարությամբ, այլ քաղաքացիների և ընտրությունների կազմակերպիչների վարքագծով:

«Ցանկացած դեպքում, մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք դրանց արդյունավետությունը, և ես հիմքեր չունեմ չհավատալու վարչապետի այն խոսքին, թե 2012 թվականի խորհրդարանական ընտրություններն ամենաթափանցիկն ու արդարը կլինեն Հայաստանի անկախացման 20 տարիների ընթացքում»,- նշեց պատգամավորը:

Նա նշեց նաև, որ նոր ԸՕ-ն փորձաքննություն է անցել մի շարք միջազգային կազմակերպություններում և բարձր գնահատականներ է ստացել: «Ես նույնպես աշխատել եմ նոր Ընտրական օրենսգրքի ստեղծման վրա: Քննարկումներն անցկացվել են ոչ թե նեղ շրջանակում, այլ ընդդիմության, հասարակության ներկայացուցիչների և պարզապես առանձին մարդկանց մասնակցությամբ, ովքեր կարող էին իրենց առաջարկություններով հանդես գալ»,- ավելացրեց Բոստանջյանը:

Հայաստանի խորհրդարանը 2011 թվականի մայիսի 26-ին լրացումներ կատարեղց Ընտրական օրենսգրքում, որոնք ընտրական օրենսդրության էական բարեփոխումներ են ենթադրում: -0-