Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Սարգսյան

08.11.2011, 18:51
Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Սարգսյան

Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, երեքշաբթի իրանական ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ուրախ եմ արձանագրել, որ հայ-իրանական հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա: Աճում է համատեղ ծրագրերի քանակը, ակտիվանում են մշակութային փոխանակությունները»,-Սարգսյանի խոսքը մեջբերում է նախագահական մամուլի ծառայությունը:

Նախագահը նաև գոհունակություն է հայտնել երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման մակարդակի վերաբերյալ:

Սարգսյանը ՀՀ և ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները լավ հնարավորություն է համարել երկու երկրների միջև առկա փոխգործակցության հարուստ օրակարգի տեսանկյունից:

Սալեհին իր հերթին նշել է, որ որ Իրանը՝ որպես բարեկամ երկիր, մշտապես հաստատակամ և նվիրված է լինելու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը:

ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` Հայաստան կատարելիք այցի շրջանակներում զրուցակիցներն անդրադարձել են էներգետիկայի, տրանսպորտի, կապի և հաղորդակցության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ծրագրերին:

Ավելի վաղ՝ երեքշաբթի,  հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտնել էր, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստան կայանալիք այցը նախատեսված է ընթացի տարեվերջին: -0-