Վրաստանը կօգտվի Հայաստանի փորձից Քութայիսի օդանավակայանը վերականգնելու դեպքում. նախարար

08.11.2011, 17:06
Վրաստանը կօգտվի Հայաստանի փորձից Քութայիսի օդանավակայանը  վերականգնելու դեպքում. նախարար
Վրաստանը կօգտվի Հայաստանի փորձից Քութայիսի օդանավակայանը  վերականգնելու դեպքում. նախարար

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանը կօգտվի հայ ինժեներների և շինարարների փորձից՝ Քութայիսի օդանավակայանի վերականգման գործընթացում, երեքշաբթի հայ լրագրողներին հայտնեց Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբելիան:

«Ուզում եմ շնորհավորել ձեզ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի բացման կապակցությամբ, որն ապշեցնում է իր դիզայնով և տեխնիկական հագեցվածությամբ»,- ասաց Կոբելիան:

Ըստ նրա՝ երևանյան օդանավակայանն աշխարհի ամենագեղեցիկներից մեկն է, և հայ մասնագետների փորձը կարող է բավական օգտակար լինել Վրաստանի համար:

«Մենք ծրագրում ենք վերականգնել Քութայիսի օդանավակայանը, և շատ հնարավոր է, որ այդ գործում համագործակցելու համար դիմենք մեր հայ գործընկերներին: Համագործակցության մանրամասն հեռանկարները շուտով կքննարկենք Վրաստանում, երբ հայկական պատվիրակությունը կժամանի Թբիլիսի»,- նշեց Կոբելիան:

Նոյեմբերի 17-18-ը Թբիլիսիում տեղի կունենա հայ-վրացական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Նոր տերմինալի շահագործումից հետո «Զվարթնոց» օդանավակայանը կարող է սպասարկել օրական մինչև 3,5 մլն ուղևորի՝ նախկին 1,6 մլն-ի դիմաց: Ուղևորների գրանցման համար CUTE ժամանակակից տեխնոլոգիաներով սարքավորած սեղանների թիվն ավելացել է՝ 21-ից հասնելով 46-ի, ինչը թույլ կտա խուսափել հերթերից:

«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման  պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին։ Ձեռնարկության սեփականատերն է Նյու Յորքի հոլդինգային ձեռնարկությունը, որի արժեթղթերի 100%-ը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։-0-