Հայաստանի ներկայացուցիչը «բրոնզ» է նվաճել ունիվերսալ մարտերի աշխարհի առաջնությունում

03.11.2011, 18:40
Հայաստանի ներկայացուցիչը «բրոնզ» է նվաճել ունիվերսալ մարտերի աշխարհի առաջնությունում

Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Աննա Բադալյանը բրոնզե մեդալ է նվաճել նոյեմբերի 1-5-ը Մոսկվայում անցկացվող «Ունիվերսալ մարտերի» (Unifight Armenia) աշխարհի առաջնության կանանց մրցումներում:

Բադալյանը հանդես է եկել 63 կգ քաշային կարգում: Նա ծնվել է Էջմիածնում, ներկայումս ապրում է Մոսկվայում:

Տղամարդկանց մրցումներում Հայաստանը ներկայացնում է մինչև 60 կգ քաշային կարգքում Մեսրոպ Մկրտչյանը:

Ունիվերսալ մարտերը (Ունիմարտ) երիտասարդ մարզաձև է, ունի ընդամենը մի քանի տարվա պատմություն, սակայն արագորեն տարածում է գտնում և արդեն անցկացվում են Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններ ու մի շարք միջազգային մրցաշարեր:

«Ունիվերսալ մարտերը» մի քանի մարզաձևի համադրում է՝ արգելքների գոտու հաղթահարում, դանակի նետում, հրաձգություն և ձեռնամարտ: Գոյություն ունի նաև «Ձմեռային ունիվերսալ մարտեր», ուր ներառված է նաև դահուկավազք, իսկ ձեռնամարտն անցկացվում է ձյան վրա: --0--