Հայկական խորհրդարանը կարևորում է երկխոսությունը քաղաքացիական հասարակության հետ. խոսնակ

02.11.2011, 20:02
Հայկական խորհրդարանը կարևորում է երկխոսությունը քաղաքացիական հասարակության հետ. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային Ժողովը կարևորում է ակտիվ երկխոսությունը քաղաքացիական հասարակության հետ, ասաց խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

«Այս համատեքստում կարևոր իրադարձություն է Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը «Արևելյան գործընկերության» Խորհրդարանական Վեհաժողովի և Եվրոնեսթ հայկական ազհային պլատֆորմի միջև»,- ասաց նա Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստի ընթացքում:

Փաստաթուղթը ստորագրվել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 6-ին:

Աբրահամյանի խոսքով, Հուշագրում ամրագրված են այն հինգ հիմնական նպատակները, հանուն որոնց կողմերը պետք է միավորեն իրենց ջանքերը:

Այդ նպատակների թվում նա նշեց կոռուպցիայի կանխումը և կոռուպցիոն ռիսկերի կրճատումը պետական կառավարման համակարգում, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում քաղաքացիական իրավունքների և ազատությունների սահմանափակումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման օժանդակությունը, Եվրամիության առջև Հայաստանի պարտավորությունների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը, հասարակության մեջ եվրոպական արժեքների ընկալմանը նպաստող գիտակցության ձևավորումը, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված և ստորագրվելիք պայմանագրերից բխող օրենսդրական փոփոխությունների մշակումը: -0-