ՀԿԵ ընկերությունը տրանսպորտային ծառայությունների կենտրոն է բացել Երևանում

27.10.2011, 17:34
ՀԿԵ ընկերությունը տրանսպորտային ծառայությունների կենտրոն է բացել Երևանում
ՀԿԵ ընկերությունը տրանսպորտային ծառայությունների կենտրոն է բացել Երևանում

Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը բացվեց հինգշաբթի Երևանում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում: Նոր կառույցը տրանսպորտային ծառայությունների ողջ տեսականին հաճախորդներին առաջարկելու է «մեկ պատուհանի» սկզբունքով և գործելու է Տրանսպորտային սպասարկման ֆիրմային ճանապարհային կենտրոնի կազմում:  

«Կենտրոնի բացումը հատուկ նշանակություն ունի երկաթուղու համար: Այսպիսով մենք ստեղծում ենք հաճախորդների հետ աշխատող միասնական կառույց», - կենտրոնի բացման արարողության ժամանակ նշել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը:

Ըստ նրա՝ նախկինում այս աշխատանքի համար պատասխանատու էին մի քանի ստորաբաժանումներ, իսկ «այժմ այս գործառույթը վերապահված է ՏԾԿ-ին»:

Շայդուլլինը հայտնեց, որ նոր կենտրոնը թույլ է տալու էապես բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը և ավելի սերտ համագործակցել ոչ միայն խոշոր, այլ նաև միջին հաճախորդների, անհատ բեռնափոխադրողների հետ:   

Նոր կենտրոնի ստեղծման հիմնական նպատակներից է՝ տրանսպորտային շուկայի փոփոխություններին արագ արձագանքումը, երկաթուղու ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացումը:

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը ՏԾԿ-ի բացումը բարձր գնահատելով՝ նշեց, որ աշխատանքը «մեկ պատուհանի» սկզբունքով էապես կպարզեցնի բեռնափոխադրումների գործընթացը: 

Ըստ նախարարի՝ կենտրոնի աշխատանքը թույլ կտա բարձրացնել տրանսպորտային ծառայությունների որակը և խթանել մրցակցությունը: Կենտրոնը բոլոր հաճախորդներին թույլ է տալիս աշխատել անմիջապես մենեջերի հետ, ով ձևակերպում, կազմակերպում և հսկում է բեռնափոխադրման գործընթացը և էապես կրճատել պատվերի կատարման ժամկետները:

Կենտրոնում հաճախորդին տրամադրվելու է բեռնափոխադրման լոգիստիկ ողջ սխեման՝ հեռավորության, ծավալի և ժամկետների հաշվարկումով, ինչպես նաև տերմինալների հետ աշխատանքի լրացուցիչ  ծառայությունները: Իսկ ավտոմատացված ծրագրերի ներդրումը հաճախորդին թույլ կտա ոչ միայն ձևակերպել փոխադրման պատվերն և փաստաթղթերը, հսկել ֆինանսական միջոցների առկայությունը սեփական հաշվի վրա, այլ նաև իրականացնել բոլոր գործողությունները օնլայն ռեժիմով:

Բացի բեռնափոխադրումների հիմնական ծառայություններից, Կենտրոնը նաև տրամադրելու է նոր ծառայություններ, մասնավորապես, ֆակտորինգ և բեռների ապահովագրություն:

Բացման արարողությանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը, Հայաստանի արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը, «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը, ՀԿԵ-ի խոշոր հաճախորդ հանդիսացող ընկերությունների ներկայացուցիչները:

 

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0-