Երևանում 2012 թ.-ին Մոսկվայի օրեր կանցկացվեն

25.10.2011, 20:01
Երևանում 2012 թ.-ին Մոսկվայի օրեր կանցկացվեն

Երևանում 2012 թ.-ին Մոսկվայի օրեր կանցկացվեն, տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը երեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք վաղուց ենք համագործակցում Հայաստանի, Երևանի հետ: Վերջերս այդ կապերը դարձել են ավելի ինտենսիվ: Ես արդեն ասել եմ, որ Երևանի հետ մի շարք համաձայնագրեր ունենք: Հաջորդ տարի նախատեսում ենք Երևանում Մոսկվայի օրեր անցկացնել: Որոշ ժամանակ անց Երևանի օրեր կանցկացվեն Մոսկվայում», - ասել է Սոբյանինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա ավելացրել է, որ Մոսկվայի և Հայաստանի միջև հարաբերությունները զարգանում են «դրական կերպով»: Նրա խոսքերով՝ ապրանքաշրջանառության ամենամյա աճը կազմում է շուրջ 20 տոկոս:

«Կան ռուսական, մոսկովյան ընկերությունների, Մոսկվայում հայկական ընկերությունների հաջող ներդրումների օրինակներ», - նշել է նա:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է, որ Մոսկվայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն այս տարի կազմել է շուրջ 1 մլրդ դոլար:

«Իսկ Երևանում Մոսկվայի տունը լավ կենտրոն է դարձել», - ավելացրել է նա:

Հանդիպումը տեղի է ունեցել Տվերսկայա փողոցում գտնվող Մոսկվայի քաղաքապետարանի Կարմիր սրահում: Մոսկվայի կառավարության կողմից հանդիպմանը ներկա էին Մոսկվայի արտաքին-տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինը, բնակչության սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, իսկ Հայաստանի պատվիրակության կազմում  ընդգրկված են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը:-0-