ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների հերթական նիստը կանցկացվի հոկտեմբերի 26-ին Երևանում

25.10.2011, 18:07
ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների հերթական նիստը կանցկացվի հոկտեմբերի 26-ին Երևանում

ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 7-րդ լիագումար նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Հայաստանի արտգործնախարարությունում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նիստի ընթացքում քննարկումներ են ընթանալու ապագա համաձայնագրի հիմնական նպատակների, քաղաքական երկխոսության և արդարադատության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

ՀՀ պատվիրակությունը գլխավորելու է հայկական կողմից գլխավոր բանակցող, ՀՀ ԱԳՆ տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, իսկ ԵՄ բանակցային թիմը` եվրոպական կողմից գլխավոր բանակցող, ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինությունում Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

Նիստի ավարտին տեղի է ունենալու Մնացականյանի և Վիգանդի համատեղ մամուլի ասուլիսը:

Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թ.-ի հունիսի 19-ին Երևանում: Մշակվող համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության և համագործակցության գործող համաձայնագրին, այն նպատակ ունի խորացնել Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններն արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժի, էներգետիկայի ոլորտներում:-0-