ՀՀ ԱԺ-ն ընդունել է մի օրինագիծ, որով Հայ առաքելական եկեղեցին ազատվում է գույքահարկից

25.10.2011, 13:49
ՀՀ ԱԺ-ն ընդունել է մի օրինագիծ, որով Հայ առաքելական եկեղեցին ազատվում է գույքահարկից

Երեքշաբթի ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված լրացումները, որով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն ազատում է գույքահարկից:

«Օրինագծի էությունն է գույքահարկից ազատել  Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերն ու շինությունները, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը», - օրինագիծը ներկայացնելիս՝ ասաց տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Նրա խոսքով՝ վերոնշյալ օբյեկտներին պատկանող հողատարածքները կազատվեն նաև հողի հարկից:

«Գույքի և հողի ցուցակները, որոնք կազատվեն հարկերից, ներկայացվել են ՀԱԵ-ին, սակայն դրանք դեռ մոտավոր ցուցակներ են: Վերջնական ցուցակը կհաստատի կառավարությունը»,- հայտնեց նա:
Խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանն իր հերթին մտահո

ություն հայտնեց, որ հարկերից ազատված տարածքների և օբյեկտների հստակ ցուցակ չկա, և հաշվարկված չէ համայնքային բյուջեների վնասը:

«Ես կողմ եմ Եկեղեցուն  արտոնություններ շնորհելուն, սակայն հասկանալի չէ, թե հատկապես ինչ գումարի մասին է խոսքը: Դա պարզաբանումներ է պահանջում, քանի որ ստացվում է, որ մենք Հայ առաքելական եկեղեցուն համայնքային բյուջեների հաշվին ենք արտոնություններ տրամադրում»,- ասաց նա:

Բացի այդ, մի շարք պատգամավորներ մտահոգություն հայտնեցին, որ տվյալ օրինագիծը խախտում է կրոնի հավասարության սկզբունքը, ինչը կարող է այլ կրոնական դավանանքների ներկայացուցիչների բողոքի հանգեցնել:

Տերտերյանը նշեց, որ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում օրինագծի քննարկման ընթացքում նույնպես նման հարցեր են առաջացել:

 «Այս պահին վերջնական ցուցակ չունենք, դրանք մշտապես ճշգրտվում են, բայց կառավարությունը յուրաքանչյուր կոնկրետ օբյեկտն առանձին է դիտարկելու»,- ասաց նա՝ ավելացնելով, որ համայնքային բյուջեներին փաստացիորեն վնաս չի հասցվի, քանի որ չնայած առկա օրենսդրությանը՝ եկեղեցական հողից և գույքից հարկեր չեն գանձվել:

Ինչ վերաբերում է մյուս կրոնական կազմակերպություններին, ապա, ըստ փոխնախարարի, Սահմանադրությունում ամրագրվել է խղճի և դավանանքի ազատությունը, և այն ոչ ոք չի սահմանափակում:

 «Խոսքը տնտեսական առավելությունների մասին է, այստեղ տեղ է գտնում Հայ առաքելական եկեղեցու հանդեպ պետության հատուկ վերաբերմունքը, ինչը պայմանավորված է այն կարևորագույն դերով, որ նա կատարում է մեր հասարակության մեջ»,- ավելացրեց նա: -0-