Հայաստանը կողմ է «Արևելյան գործընկերության» շրջանակներում կառուցողական համագործակցությանը. ԱԺ հանձնաժողովի ղեկավար

21.10.2011, 13:24
Հայաստանը կողմ է «Արևելյան գործընկերության» շրջանակներում կառուցողական համագործակցությանը. ԱԺ հանձնաժողովի ղեկավար
Հայաստանը կողմ է «Արևելյան գործընկերության» շրջանակներում կառուցողական համագործակցությանը. ԱԺ հանձնաժողովի ղեկավար

Հայաստանը միշտ կողմ է Արևելյան գործընկերության» շրջանակներում կառուցողական համագործակցությանը՝ վեր լինելով վերապահումների անարդյունավետ քաղաքականությունից, հայտարարել է ՀՀ ԱԺ եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Այն առաջնահերթ խնդիրները, որոնք ամրագրված են «Արևելյան գործընկերությունում», լուրջ նախադրյալներ են ստեղծում՝ տարածաշրջանում կայունության և զարգացման ապահովման համար, ինչը բարենպաստ հեռանկարներ է բացում տարածաշրջանի եվրոպական ինտեգրման համար: Այդ պատճառով մեր հիմնական նպատակը պետք է դառնա վստահության մթնոլորտի ստեղծումը համագործակցության հետագա խթանման նպատակով առանց նոր բաժանարար գծերի ստեղծման», - ասաց նա ուրբաթ Միջազգային եվրոպական շարժման (ՄԵՇ) կոնգրեսի արդյունքների ամփոփման ընթացքում

Երևանում հոկտեմբերի 20-21-ն անցկացվող կոնգրեսին մասնակցում է շուրջ 150 պետական, քաղաքական և հասարակական գործիչ Եվրոպայի տարբեր երկրներից: Կոնգրեսի արդյունքում նախատեսվում է Երևանյան հռչակագիր ընդունել, որն ուղղորդող փաստաթուղթ կդառնա «Արևելյան գործընկերության» երկրների և Եվրամիության միջև ինտեգրման հարցում քաղաքացիական հասարակության դերի համատեքստում:

Զոհրաբյանի խոսքերով՝ «Արևելյան գործընկերության» կարևորագույն բաղկացուցիչներից մեկը քաղաքացիական հասարակության ներգրավումն է, ինչն առանցքային դեր է խաղում բարեփոխումների խթանման և իրագործման հարցում:

«Առանց բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում նաև քաղաքացիական հասարակության լիարժեք ներգրավման, դժվար կլինի ամբողջ ծավալով իրականացնել Արևելյան գործընկերության հավակնոտ ծրագրերը», - ասաց նա:

Հանձնաժողովի ղեկավարը նշեց, որ Հայաստանը «Արևելյան գործընկերության» մեջ առաջինն է ձևավորել քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմը, որն այսօր նրա չափազանց կարևոր բաղադրյալն է:

«Արևելյան գործընկերության ծրարգերում ներգրավված բոլոր հայկական կողմերն այսօր ակտիվորեն համագործակցում են Ազգային պլատֆորմի շրջանակներում, քանի որ մենք շատ լավ հասկանում ենք, որ առանց քաղաքացիական հասարակության անմիջական ներգրավման, նրա դրական ճնշման չափազանց բարդ կլինի առաջ տանել գործընկերության հիմնարար և հավակնոտ ծրագրերը», - ասաց նա:

Զոհրաբյանը նաև նշել է, որ հայկական Ազգային պլատֆորմի առաջարկները ԵՎՐՈՆԵՍԹ-ի տարբեր հանձնաժողովներում երկու զեկույցների առանձին թեմաներ են դարձել: «Քաղաքացիական հասարակության հետ նման լայն համագործակցությունն աննախադեպ  բան է «ԵՎՐՈՆԵՍԹ» ԽՎ արևելյան գործընկերներ-երկրների համար», - ընդգծել է նա:

Նշելով, որ հոկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային պլատֆորմի և Արևելյան գործընկերության «Եվրոնեսթ» ԽՎ միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որտեղ ամրագրված են համագործակցության հիմնական նպատակները և սկզբունքները, ինչպես նաև կողմերի պարտավորությունները՝ պատգամավորը նշեց, որ հուշագրում ներառված են նաև մի շարք առաջնահերթություններ:

«Մենք նշել ենք կոռուպցիայի նվազումը կառավարման համակարգում, քաղաքացիական իրավունքների և ազատությունների սահմանափակումների դեմ պայքարը, Հայաստանի կողմից ԵՄ-ի առջև ստանձնած պարտավորությունների մասին հրապարակային իրազեկումը, ինչպես նաև եվրոպական արժեքների տարածումը», - պարզաբանել է նա:

ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագիրը նպատակաուղղված է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի հետ ԵՄ-ի քաղաքական և տնտեսական մերձեցմանը: Մինչև 2013 թ.-ը նախատեսված է այդ երկրներին տրամադրել 600 մլն եվրո, որը նախատեսված է պետական ինստիտուտների ամրապնդման, սահմանների վերահսկման և փոքր բիզնեսին օգնություն ցուցաբերելու համար:-0-