Հայաստանում հղիության սելեկտիվ ընդհատման պատճառը ծնողների՝ որդի ունենալու ցանկությունն է. ՄԱԿ

19.10.2011, 13:34
Հայաստանում հղիության սելեկտիվ ընդհատման պատճառը ծնողների՝ որդի ունենալու ցանկությունն է. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շատ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում ապագա ծնողների՝ որդի ունենալու ցանկությունը հաճախ դառնում է հղիության սելեկտիվ ընդհատման պատճառ, չորեքշաբթի հայտարարել է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տրածաշրջանային գրասենյակի (UNFPA) տնօրեն Զախիդուլ Հյուկը:

«Մենք գիտեինք, որ այս տարածաշրջանում նման խնդիր կա և որոշեցինք փոքրիկ ուսումնասիրություն անցկացնել, որը ցույց տվեց, որ հղիության ընդհատումների թիվն ավելացել է, և այն ունի սելեկտիվ բնույթ», - ասաց Հյուկը «Յոթ միլիարդ. հավասարակշռություն, իրավունքներ և հավասար հնարավորություններ» UNFPA-ի եռօրյա համաժողովի ընթացքում, որը կտևի հոկտեմբերի 19-21-ը:

Նրա խոսքերով՝ հղիության ընդհատման պատճառի վերաբերյալ վերջնական եզրակացություն դժվար է անել:

«Վերջերս շատ հեշտ է դարձել ընդհատել հղիությունը, և ընդունելով հատուկ դեղահաբեր՝ կարելի է ազատվել պտղից, այս դեպքերը ոչ մի տեղ չեն գրանցվում, և դժվար է հասկանալ՝ արդյո՞ք սեռի նախապատվության պատճառով է ընդհատվել հղիությունը, թե՞ ոչ», - նշել է Հյուկը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Թեա Ֆիրենսն իր հերթին նշեց, որ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ապագա մոր համար երեխայի սեռը նշանակություն չունի:

«Հղի կնոջ համար նշանակություն չունի երեխայի սեռը, սակայն հասարակությունում ի սկզբանե ձևավորվել է տղա երեխայի նախապատվությունը, և առաջին հերթին հարկավոր է պայքարել հենց այս կարծրատիպերի դեմ», - ասաց Ֆիրենսը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) հայկական գրասենյակի տնօրեն Գարիկ Հայրապետյանը նշեց, որ օգոստոսից հանրապետությունում ուսումնասիրություններ են կատարվում, և տարեվերջին հայտնի կդառնան ծնելիության, պտղի հեռացման և հղիության սելեկտիվ ընդհատման ցուցանիշները:

ԵԽԽՎ-ն հոկտեմբերի սկզբին բանաձև է ընդունել, որտեղ ընդգծվում է, որ Ալբանիայում, Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում սեռի պերինատալ ընտրությունը հասել է «մտահոգիչ մասշտաբների»:

Փաստաթղթում նշվում է, որ այն դեպքում, երբ սեռերի բնական հարաբերակցությունը կազմում է 105 տղա՝ 100 աղջկան, Ալբանիայում, Հայաստանում և Ադրբեջանում այս ցուցանիշը կազմում է 112 տղա 100 աղջկան, իսկ Վրաստանում՝ 111 տղա 100 աղջկան:-0-