Հայաստանում կխստացվեն պահանջները հաց արտադրողների նկատմամբ

18.10.2011, 19:05
Հայաստանում կխստացվեն պահանջները հաց արտադրողների նկատմամբ
Հայաստանում կխստացվեն պահանջները հաց արտադրողների նկատմամբ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պարենային անվտանգության բաժինը տեխնիկական կանոնակարգի նախագիծ է մշակել հաց և հացաբուլկեղեն արտադրողների և իրացողների համար, տեղեկացրեց բաժնի պետ Արթուր Վարժապետյանը:

«Խնդիրներից մեկն այն է, որ ներկայիս օրենսդրությունը թույլ է տալիս հաց վաճառել ինչպես փաթեթավորման մեջ, այնպես էլ առանց փաթեթավորման, միաժամանակ գնորդն իրավունք ունի իմանալ հացի անվանումը, երբ է այն թխվել, որ ձեռնարկությունում է արտադրվել՝ անկախ այն բանից հացը փաթեթավորված է, թե ոչ», - ասաց նա:

Վարժապետյանի խոսքերով՝ կանոնադրությունը կդառնա այն նորմատիվային փաստաթուղթը, որը կլուծի այս խնդիրը: «Այդ փաստաթղթում գրված կլինի նաև հաց արտադրելիս սննդային հավելումների օգտագործման մասին: Նախատեսվում է սահմանել այս հավելումների թույլատրելի չափաքանակը», - նշեց նա:

Վարժապետյանն ընդգծեց, որ հացը Հայաստանում թիվ մեկ մթերքն է, սակայն երկրում դեռևս խնդիրներ կան՝ կապված հացի տեղափոխման և նրա արտադրության ժամանակ անբավարար սանիտարահիգիենիկ նորմերի հետ:

«Տեսչության ստուգումների արդյունքում շատ դեպքերում խախտողների նկատմամբ խիստ միջոցներ են կիրառվել՝ ընդհուպ մինչև գործունեության արգելք», - ավելացրեց նա:

2008 թ.-ին փոփոխություններ մտցվեցին «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում, որոնց համաձայն՝ վաճառվող հացի գնապիտակի վրա պետք է նշված լինի հացի կշիռը, նշված կշիռի թույլատրելի շեղումները, արտադրողի և թխման ամսաթվի մասին տեղեկատվություն:

Այդ տեղեկատվությունը պետք է ներկայացվի խանութների դարակների վրա: Այս կանոնները խախտող տնտեսվարող սուբյեկտները պետք է վճարեն 30 հազար դրամի (շուրջ 80 ԱՄՆ դոլար) չափով տուգանք:-0-