Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ծրագրում է երկու տարուց մեծ սպորտ վերադառնալ

17.10.2011, 13:54
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ծրագրում է երկու տարուց մեծ սպորտ վերադառնալ

ՃՏՊ-ի հետևանքով տուժած ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը երկուշաբթի լրագրողներին հայտնեց, որ ծրագրում է երկու տարուց մեծ սպորտ վերադառնալ:
 
Մարզուհին ապրիլի 26-ի առավոտյան Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 31-րդ կմ-ի վրա ՃՏՊ-ի էր ենթարկվել: Գտնվելով սեփական ավտոմեքենայի ղեկին՝ Ավդալյանը չէր տիրապետել մեքենային՝ ստանալով ողնաշարի վնասվածք: Երկու օր անց նա հաջողությամբ վիրահատվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Բժիշկները վստահեցնում են, որ արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ավդալյանը վերադառնա մեծ սպորտ: 

«Ես այժմ վերականգնման փուլում եմ գտնվում, որից հետո պարզ կդառնա, թե երբ ես կկարողանամ մեծ սպորտ վերադառնալ: Կարծում եմ, որ դա երկու տարուց ուշ չի լինի»,- ասաց Ավդալյանը՝ ավելացնելով, որ դեռ չի մարզվում և միայն սահմանափակվում է առավոտյան թեթև վարժանքով:

«Կարծում եմ, որ մեկ տարուց թեթև մարզումներ կսկսեմ»,- ասաց ծանրորդուհին: 

Ըստ Ավդալյանի՝ ինքը բաց կթողնի 2012թ.-ին Լոնդոնում կայանալիք Օլիմպիադան, սակայն կպատրաստվի Եվրոպայի և աշխարհի հաջորդ առաջնություններին:

Ավդալյանը (69 կգ քաշային կարգ) Եվրոպայի 2008 թ.-ի չեմպիոն է, Եվրոպայի 2009 թ.-ի առաջնության արծաթե մեդալակիր: Աշխարհի առաջնությունից հետո նա վնասվածքի պատճառով բաց է թողել մի քանի մրցաշար, իսկ արդեն 2011 թ.-ին մասնակցել է Հայաստանի առաջնությանն ու նվաճել է չեմպիոնի տիտղոսը: -0-