Երևանում տեղի է ունեցել ժողովրդավարության կայացման վերաբերյալ արտերկրի քաղաքագետների երկու գրքերի հայերեն թարգմանության շնորհանդեսը

14.10.2011, 14:33
Երևանում տեղի է ունեցել ժողովրդավարության կայացման վերաբերյալ արտերկրի քաղաքագետների երկու գրքերի հայերեն թարգմանության շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում ուրբաթ տեղի է ունեցել  ժողովրդավարությանն անցնելու, դրա կայացման և մոդելների վերաբերյալ արտերկրի քաղաքագետների երկու գրքերի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

«Ժողովրդավարությունները սպառնալիքի տակ» և «Ժողովրդավարությանն անցնելու խնդիրներն ու ժողովրդավարության կայացումը. Հարավային Եվրոպա, Հարավային Ամերիկա և հետխորհրդային Եվրոպա» գրքերը հրատարակվել են Կովկասի Ինստիտուտի կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Ամերիկացի քաղաքագետ Ալֆրեդ Սթեֆանի խմբագրությամբ առաջին գրքում ներառված են տարբեր երկրների քաղաքագետների հոդվածները, իսկ երկրորդ գրքի հեղինակներն են Ալֆրեդ Սթեֆանը և Խուան Ջ. Լինցը:

«Այսօր մենք ձեզ երկու գիրք ենք ներկայացնում, որոնք անգլերենից հայերեն են թարգմանվել: Դրանք ժամանակակից գրքեր են, որոնք արդեն դասական են դարձել, և մենք հուսով ենք, որ դրանք կօգտագործվեն Հայաստանի բուհերում»,- շնորհանդեսի ժամանակ ասաց Կովկասի Ինստիտուտի տնօրենը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին նշեց, որ այսօրվա դրությամբ քաղաքագիտությունը մեծ ճանաչում ունի հայ դիմորդների և բուհերիկ ուսանողների շրջանում:

Աշոտյանն ընդգծել է, որ ժողովրդավարության կայացման խնդիրներն առկա են ոչ միայն «տարանցիկ» երկրներում (անցումային շրջանի երկրներում), որտեղ այն բավական զարգացած չէ, այլ նաև՝ ժողովրդավարության կայացման բավական հարուստ պատմություն ունեցող պետություններում:

Նա նշել է, որ այն գրքերը, որոնցում ներկայացված են տարբեր երկրների ժողովրդավարության մոդելներն ու խնդիրների օրինակները, հիանալի ձեռնարկ կդառնան հայ քաղաքագետների համար:

Այդ կապակցությամբ ԱՊՀ երկրների Ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովն ընդգծեց, որ տվյալ հրատարակությունները կարևոր դեր կխաղան ինչպես գործող քաղաքագետների համար, այնպես էլ բուհերում առարկայի դասավանդման տեսանկյունից:

Նա հատուկ ընդգծեց մինչ օրս գրքերի արդիականությունը, չնայած դրանք հրատարակվել են անցած դարավերջին:

Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Ֆիշն իր հերթին ընդգծեց, որ որպես ձեռնարկ է օգտվում գրքերից իր դասախոսական գործունեության համար: Նա բարձր է գնահատել այն փաստի նշանակությունը, որ հայ քաղաքագետները և ուսանողները հնարավորություն են ստանալու օգտվել դրանցից: -0-