ԱՊՀ երկրները պետք է միասնական համակարգ ստեղծեն հանցավոր խմբերին բացահայտելու համար. ՀՀ վարչապետ

14.10.2011, 13:49
ԱՊՀ երկրները պետք է միասնական համակարգ ստեղծեն հանցավոր խմբերին բացահայտելու համար. ՀՀ վարչապետ
ԱՊՀ երկրները պետք է միասնական համակարգ ստեղծեն հանցավոր խմբերին բացահայտելու համար. ՀՀ վարչապետ

Այսօր ԱՊՀ անդամ-երկրների առջև ծառացած է ռազմավարական խնդիր` ստեղծել միասնական համակարգ և մեխանիզմներ, որոնք թույլ կտան բացահայտել խոշոր հանցավոր խմբերին, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ելույթ ունենալով ԱՊՀ մասնակից-պետությունների ՆԳՆ ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ՝ Սարգսյանը նշել է, որ ահաբեկչության և կազմակերպված հանցավորության, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի դեմ պայքարը մեկ պետության շրջանակներում դատապարտված է ձախողման:

«Այս երևույթներն այսօր իրենցից ներկայացնում են մեծ մարտահրավերներ, իրական ուժ՝ ունակ հակադրվելու պետական ինստիտուտներին և հանդիսանալու լուրջ սպառնալիք պետությունների ազգային անվտանգության ապահովմանը: Այս ուղղությամբ անհրաժեշտ է ԱՊՀ մասնակից երկրների համար մշակել համակարգված քաղաքականություն՝ ելնելով ժամանակակից սպառնալիքի և մարտահրավերների համատեղ դիմակայման շահերից», - ասաց նա:

ՀՀ վարչապետի խոսքերով՝ նիստն անցկացվում է այնպիսի պայմաններում, երբ ԱՊՀ երկրներում զարգանում են նոր հասարակական, քաղաքական և սոցիալ-տնտեսական հարաբերություններ, ստեղծվում է նոր օրենսդրական դաշտ, ինչը ԱՊՀ մասնակից-պետությունների իրավապահ մարմինների առջև ստեղծում է նոր խնդիրներ՝ ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու համար:

«Հանցավորության դեմ պայքարի խնդրի դիտարկումը նիստի մասնակիցների մոտ վաղուց է դարձել ավանդույթ և այս ուղղությամբ նրանց աշխատանքների արդյունքներն արժանի են ամենաբարձր գնահատականների: Կարծում եմ, որ այս հանդիպման անցկացումը և դրա օրակարգում ընդգրկված հարցերը հաստատում են ԱՊՀ մասնակից երկրների ներքին գործերի նախարարությունների ուժերի համախմբման պատրաստակամությունը՝ հանցավորության դեմ պայքարելու համար», - ընդգծել է Սարգսյանը:

Խորհրդի նիստին մասնակցում են ԱՊՀ ինը երկրների, այդ թվում նաև Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչները: Օրակարգում ներառված են ԱՊՀ մասնակից-երկրների ներքին գործերի մարմինների հետագա համագործակցության կատարելագործմանն ու համակարգմանը վերաբերող հարցեր:

Նիստի մասնակիցները կքննարկեն նաև տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանցավորության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության հայեցակարգը, հանցագործությունների իրեղեն ապացույց հանդիսացող թմրանյութերի, զենք-զինամթերքի փոխանցման մեխանիզմների մասին արձանագրության նախագիծը, ԱՊՀ ստեղծման 20-ամյակի հետ կապված խորհրդի միջոցառումները:-0-