Հայաստանը մտադիր է խորացնել հարաբերություններն ԻՆՏԵՐՊՈԼ-ի հետ. նախագահ

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության` ԻՆՏԵՐՊՈԼ-ի գլխավոր քարտուղար Ռոնալդ Քենեթ Նոբլի (Ronald Noble) հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը ցանկանմում է խորացնել հարաբերությունները կազմակերպության հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Մենք առանցքային ենք համարում Կազմակերպության դերը հանցավորության դեմ պայքարում, ուստի ցանկություն ունենք էլ ավելի խորացնել մեր հարաբերությունները ԻՆՏԵՐՊՈԼ-ի հետ», - ասել է նախագահը:
ՀՀ նախագահը նաև նշել է, որ քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության հետ համատեղ աշխատանքը Հայաստանում դիտարկվում է նաև որպես հայ մասնագետների պրոֆեսիոնալիզմի բարձրացման հնարավորություն:
«Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ռոնալդ Քենեթ Նոբլի անձնական ներդրումը ԻՆՏԵՐՊՈԼ-ի արդիականացման գործում», - նշվում է տեղեկատվության մեջ:
Նոբլն իր կողմից ընդգծել է, որ Հայաստանը և ԻՆՏԵՐՊՈԼ-ի հետ նրա կապող օղակ հանդիսացող Ազգային կենտրոնական բյուրոն մեծ հեղինակություն ունեն Կազմակերպությունում: -0-