Հայաստանը վստահում է ՄԽ համանախագահներին. ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար

13.10.2011, 18:26
Հայաստանը վստահում է ՄԽ համանախագահներին. ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար

Հայաստանը վստահում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նրանց միջնորդական առաքելության հարցում, հինգշաբթի լրագրողներին ասաց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը՝ ներկայացնելով հոկտեմբերի 8-ին ԽՎ-ի աշնանային նստաշրջանի ժամանակ ընթերցած իր զեկույցը:

Նրա խոսքերով՝ դա բացատրվում է նրանով, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն (համանախագահ երկրներ) հավասարապես մոտ և հավասարապես հեռու են հակամարտող կողմերին:

«Ինչու՞ մենք չենք հավատում որոշ երկրների, որոնք ցանկանում են մասնակցել միջնորդությանը: Քանի որ նրանք բավարար կերպով օբյեկտիվ և հավասար կերպով մոտ չեն հակամարտող կողմերին, իսկ դա նշանակում է, որ հավասարապես հեռու չեն նրանցից», - նշել է Սաֆարյանը:

Հոկտեմբերի 8-ին Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել քննարկում «Հակամարտությունների կարգավորման հարցում ԵԱՀԿ ԽՎ-ի դերը. Լեռնային Ղարաբաղ» թեմայով, որին ներկա է գտնվել ԵԱՀԿ 56 անդամ-երկրների շուրջ հարյուր պատգամավոր: Քննարկումների ընթացքում զեկույցներով հանդես են եկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ):

Իր ելույթում Սաֆարյանը նաև ընդգծել է, որ բանակցությունների ներկա ձևաչափը հիմնված է ՄԽ գործունեության վրա, և եթե Ադրբեջանը ցանկանում է փոխել այն, ապա հնարավոր միակ ձևաչափն ուղղակի բանակցություններն են Ադրբեջանի Հանրապետության և ԼՂՀ-ի միջև:

Նրա խոսքերով՝ միայն հիմնարար սկզբունքների ընդունումը պատմական հնարավորություն կընձեռի հակամարտող բոլոր կողմերին շարժվել հակամարտության՝ մարդու իրավունքների պահպանման վրա հիմնված կարգավորման ուղղությամբ:

«Այստեղ առաջարկ հնչեց առաջ շարժվել դեպի խաղաղ համաձայնագիրը առանց հիմնարար սկզբունքների ընդունման: Սա պարզապես անհնար է: Առանց այդ ուղղորդող սկզբունքների բանակցությունները կվերածվեն պատերազմի և խաղաղության մասին անվերջանալի խոսակցությունների: Առանց հիմնարար սկզբունքների շուրջ ընթացող բանակցությունների բանակցային գործընթացը կդառնա հասարակ քննարկում, որը երբեք խաղաղ համաձայնագրի չի հանգեցնի», - նշեց Սաֆարյանը:

Նա նաև ընդգծեց, որ կարգավորումը ձախողելու նպատակով փախստականների հարցի շահարկման ցանկացած փորձ կերկարացնի մարդկանց, այդ թվում նաև 400 հազար ադրբեջանցի փախստականների տառապանքները:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-