ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ընդգծում են այլ ձևաչափերում ղարաբաղյան խնդրի քննարկման անընդունելիությունը

13.10.2011, 15:53
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ընդգծում են այլ ձևաչափերում ղարաբաղյան խնդրի քննարկման անընդունելիությունը

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարել են այլ ձևաչափերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման անընդունելիության մասին, հինգշաբթի լրագրողներին է հայտարարել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Խաչիկ Հարությունյանը:

Հոկտեմբերի 8-ին Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել քննարկում «Հակամարտությունների կարգավորման հարցում ԵԱՀԿ ԽՎ-ի դերը. Լեռնային Ղարաբաղ» թեմայով, որին ներկա է գտնվել ԵԱՀԿ 56 անդամ-երկրների շուրջ հարյուր պատգամավոր: Քննարկումների ընթացքում զեկույցներով հանդես են եկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ):

«Քննարկումների ընթացքում ադրբեջանական կողմը հերթական անգամ հայտարարել է, որ եկել է ղարաբաղյան հարցի քննարկումը ՄԽ ձևաչափից այլ ձևաչափեր տեղափոխելու ժամանակը, ինչին ի պատասխան՝ բոլոր երեք համանախագահները հայտարարել են, որ ՄԽ-ն միակ ձևաչափն է, որի շրջանակներում հնարավոր է կարգավորումը, և այլ հարթակ չի կարող լինել», - ասել է Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ համանախագահները բավականին կոշտ հայտարարություն են արել ուժի չկիրառման և ուժի սպառնալիքի վերաբերյալ:

«Մասնավորապես նշվել է, որ թող կողմերից որևէ մեկը չկարծի, թե կարող է հաջողության հասնել ուժի կիրառման կամ պատերազմի օգնությամբ: Միաժամանակ նշվել է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն շատ անգամներ գերազանցում է Հայաստանի ռազմական բյուջեին», - նշել է պատգամավորը:

Նա նաև ընդգծել է, որ հնչած ելույթներում կարմիր թելի պես անցնում էր այն միտքը,  թե բանակցությունների ձգձգման հիմնական «մեղավորն» Ադրբեջանն է:

«Օրինակ՝ Բեռնար Ֆասիեն մի քանի անգամ նշեց, որ Մադրիդյան սկզբունքների շրջանակներում համաձայնության հասնելու մի քանի հնարավորություն է եղել, սակայն կողմերից մեկը մշտապես լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծել, ինչի հետևանքով բանակցություններում չի հաջողվել առաջընթացի հասնել», - հայտարարել է Հարությունյանը:

ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ Արտակ Դավթյանն իր հերթին տեղեկացրել է, որ թուրք պատգամավորները հայտարարել են, որ պատրաստ են ավելի ակտիվ միջնորդություն իրականացնել Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցություններում, ինչին ի պատասխան՝ Ռոբերտ Բրադտկեն ընդգծել է, որ բանակցություններին մեծ թվով միջնորդների մասնակցությունն անարդյունավետ է:

«Քննարկումն ընդհանուր առմամբ բարենպաստ էր մեզ համար: Կարծում եմ, որ ներկա գտնվող պատգամավորների մեծ մասի մոտ ձևավորվեց համանախագահների դիրքորոշումներին ու հայկական կողմի պատկերացումներին և սպասումներին համահունչ տեսակետ», - նշել է նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-