ՀՀ ֆուտբոլի հավաքականը խմբում երկրորդ տեղին է արժանի. Բերեզովսկի

13.10.2011, 15:35
ՀՀ ֆուտբոլի հավաքականը խմբում երկրորդ տեղին է արժանի. Բերեզովսկի

ՀՀ ֆուտբոլի հավաքականն ընտրական խմբի երկրորդ տեղին է արժանի, կարծում է հայկական թիմի և Պոդմոսկովիեի «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 11-ին Դուբլինում կայացած հանդիպման ժամանակ հայ ֆուտբոլիստները զիջեցին արտագնա խաղում 2:1 հաշվով, այդ թվում՝ իսպանացի մրցավար Իտուրալդո Գոնսալեսի սխալի պատճառով: 26-րդ րոպեին նա հեռացրեց դաշտից հայկական թիմի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն իբր տուգանային հրապարակի սահմաններից դուրս ձեռքով խաղալու համար:

Սակայն կրկնապատկերի ժամանակ պարզ երևում էր, որ գնդակը դարպասապահի ձեռքին չի դիպել: Ավելին, գրոհի ժամանակ իռլանդացիների հարձակվող Սայմոն Քոքսը ձեռքով խաղաց: BBC-ին տված հարցազրույցում Քոքսը խոստովանեց, որ գնդակը դիպել է իր ձեռքին և Բերեզովսկու կողմից նա խախտում չի նկատել: Պարտությունը զրկեց հայկական հավաքականին Եվրո-2012-ի եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից:

«Մենք մեր մեջ հաղթելու ուժ էինք զգում: Սկզբում փոխանցումներում փոքր սխալներ գործեցինք, բայց սովորեցինք անծանոթ միջավայրին: Եվ նույնիսկ զգացինք, որ գերազանցում ենք հակառակորդին: Այո, մենք խմբում երկրորդ տեղին էինք արժանի: Իսկ առաջինը Ռուսաստանն է, առանց խոսքի»,- ասել է Բերեզովսկին sovsport.ru-ին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ հայկական պատվիրակությունը փորձել է խաղից հետո բացատրվել մրցավարի հետ, բայց անհաջող:

«Մեր ֆեդերացիայի ղեկավարները փորձեցին ինչ-որ բան բացատրել: Բայց դատավորը չցանկացավ շփվել: Ասում են, կտրուկ ինչ-որ բան է պատասխանել, շեմից ներս չի թողել, բարձր շրխկացրել է դուռը: Չեմ մասնակցել խոսելու այդ փորձին: Շատ վիրավորական է, որ այլևս ոչինչ հնարավոր չէ փոխել»,- ասել է Բերեզովսկին:

Ըստ նրա՝ դատավորներն առհասարակ իրենց այնքան էլ համարժեք չէին պահում, եթե վերլուծենք նրանց գործողությունները: «Ասում են, թե Գոնսալեսի համար դա իր կարիերայի վերջին խաղն էր, նա պատրաստվում է հեռանալ»:

«Մենք դիտում էինք ճակատագրական դրվագի կրկնությունը կրկին ու կրկին: Եվ զարմանում էինք: Իռլանդացին ձեռքով կպավ: Բայց դա, ստացվում է, դատավորներից ոչ ոք չնկատեց: Ես չէի հասցնում գնդակի հետևից, իմ խնդիրն էր վախեցնել հարձակվողին, ստիպել սխալվել: Եվ Քոքսը սխալվեց՝ ինձ խփելով: Եվ որտե՞ղ իմ ձեռքը տեսան»,- նշել է հայկական հավաքականի դարպասապահը: -0-