Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆյորովին կշնորհվի ՀՀ ԳԱԱ պատվավոր ակադեմիկոսի դիպլոմ

07.10.2011, 18:47
Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆյորովին կշնորհվի ՀՀ ԳԱԱ պատվավոր ակադեմիկոսի դիպլոմ
Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆյորովին կշնորհվի ՀՀ ԳԱԱ պատվավոր ակադեմիկոսի դիպլոմ

Ֆիզիկայի ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ժորես Ալֆյորովին երկուշաբթի կհանձնվի Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոսի դիպլոմ, հայտնում է Ակադեմիայի մամուլի կենտրոնը:

Արարողությունը կանցկացվի ԳԱԱ ընդլայնված նիստի շրջանակներում, որին կմասնակցեն բուհերի և ԳԱԱ գիտական ինստիտուտների ղեկավարներ, ինչպես նաև գիտական հանրության ներկայացուցիչներ:

Ժորես Ալֆյորովը 2000 թվականին նոբելյան մրցանակի է արժանացել  կիսահաղորդչային հետերկառուցվածքների և արագագործ օպտոէլեկտրոնային սարքերի ստեղծման համար: Նա արժանացել է աշխարհի ավելի քան 50 տարբեր գիտակրթական կենտրոնների պատվավոր անդամի կոչման: Հեղինակ է 500 գիտական հոդվածների, 3 մենագրությունների եւ 50 հայտնագործությունների:

Բացի այդ, Ժորես Ալֆյորովը ելույթով հանդես կգա Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում (ք. Աշտարակ)  տեղի ունենալիք «Լազերային ֆիզիկա 2011» միջազգային գիտաժողովում:

Նույն օրը ակադեմիկոս Ալֆյորովը Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում կկարդա «21-րդ դարի կիսահաղորդչային հեղափոխություն» 40 րոպեանոց դասախոսությունը: 

Նոբելյան մրցանակի դափնեկրի այցելության ծրագրում հանդիպում է նախատեսված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: -0-