Աշխարհահռչակ դասականների ստեղծագործությունները կհնչեն Երևանում «Վերադարձի» հինգերորդ փառատոնի համերգի ժամանակ

07.10.2011, 18:00
Աշխարհահռչակ դասականների ստեղծագործությունները կհնչեն Երևանում «Վերադարձի» հինգերորդ փառատոնի համերգի ժամանակ

Աշխարհահռչակ դասականների ստեղծագործությունները կհնչեն ուրբաթ կայանալիք մենահամերգի ժամանակ «Վերադարձի» դասական երաժշտության միջազգային հինգերորդ փառատոնի շրջանակներում, հաղորդում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Փառատոնն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 4-24-ը:

Տեղեկատվության համաձայն՝ Սկարլատիի, Հայդնի, Շոպենի, Բեթհովենի և Ռախմանինովի ստեղծագործությունները կներկայացնի Գերմանիայից ժամանակ երիտասարդ հայ դաշնակահար, միջազգային մրցանակների դափնեկիր Աշոտ Խաչատրյանը:

«Վերադարձի» դասական երաժշտության հինգերորդ փառատոնի շրջանակներում ելույթ կունենան Դանիայից ժամանած դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը, Սլովենիայից ժամանած դաշնակահար Վազգեն Վարդանյանը, Ջոն Խոդյանը (կոմպոզիտոր և դիրիժոր), ԱՄՆ-ից ժամանակ Բեթ Ուիլյամսը (սոպրանո), շվեյցարացի ֆլեյտահար և կոմպոզիտոր Վալերի Տոլստովը, ինչպես նաև նվագախմբեր Հայաստանից՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, «Լույս» կվինտետը և «Վերադարձի» փառատոնի կամերային նվագախումբը՝ Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

«Վերադարձի» դասական երաժշտության փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2007 թ.-ի աշնանը:-0-