Հայաստանն ու Ռուսաստանը պետք է նորովի ճանաչեն միմյանց. ՀՀ փոխարտգործնախարար

07.10.2011, 13:45
Հայաստանն ու Ռուսաստանը պետք է նորովի ճանաչեն միմյանց. ՀՀ փոխարտգործնախարար

Հայաստանն ու Ռուսաստանը պետք է նորովի ճանաչեն միմյանց, կարծում է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Մեզ հարկավոր է տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչպես ենք ապրում ու աշխատում, ինչպես ենք պատկերացնում մեր ապագան: Իսկապես, մենք  ընդհանուր շատ բան ունենք, և դրանում է մեր հարստությունը, սակայն այս ամենը չի նշանակում, որ մենք պետք է բավարարվենք նրանով, ինչ ունենք: Մենք պետք է միմյանց ավելի լավ լսենք և հասկանանք», - ասաց նա ուրբաթ՝ ելույթ ունենալով «Ռուսալեզու մեդիատարածքը Հայաստանում. ներկան և ապագան» թեմայով կլոր սեղանի բացման ընթացքում:

Քոչարյանը նաև հավելեց, որ այս գործընթացը առաջ տանող առաջնային գծում եղել և կլինեն տեղեկատվական ռեսուրսները՝ ինչպես ռուսալեզուները Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում հայերենով լույս տեսնող պարբերականները:

«Ուզում եմ հատկապես նշել, որ մեդիա-հանրության ներսում ընթացող մշտական երկխոսությունը պետք է ոչ միայն շարունակվի, այլև ընդլայնվի բարեկամության և փոխադարձ հարգանքի բազմադարյա ավանդույթների այնպիսի հարստության հիմքի վրա, ինչպիսինն է հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը», - ասել է փոխնախարարը:

«Ռուսալեզու մեդիատարածքը Հայաստանում. ներկան և ապագան» թեմայով կլոր սեղանը կազմակերպվել է «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի» զարգացման հիմնադրամի և «Առաջ Ռուսաստան և Հայաստան» հայկական հիմնադրամի կողմից՝ ՌԴ նախագահի աշխատակազմի արտերկրի հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության աջակցությամբ:
Կլոր սեղանն անցկացվում է «Հայաստանում ռուսաց լեզվի օրերի» (հոկտեմբերի 3-9) շրջանակներում, կլոր սեղանի աշխատանքներին մասնակցում են Ռուսաստանի և Հայաստանի նախագահների աշխատակազմերի, երկու երկրների արտգործնախարարների ներկայացուցիչներ, ռուսական և հայկական ԶԼՄ-ների ղեկավարներ, փորձագետներ:

Միջոցառման խնդիրներն են ռուսական և հայկական ԶԼՄ-ների համագործակցության զարգացմանն աջակցելը, Հայաստանում հեռուստատեսային ԶԼՄ-ների ոլորտում երկկողմ կապերի ամրապնդումը և հեռուստատեսային ու ռադիոհեռարձակման, էլեկտրոնային մեդիա-ռեսուրսների զարգացման հեռանկարների սահմանումը: Միջոցառման մասնակիցները մտադիր են քննարկել Հայաստանում ռուսալեզու ԶԼՄ-ներին վերաբերող հրատապ խնդիրներն ու սահմանել դրանց զարգացման հեռանկարները:-0-