Հայաստանի հյուսիսում սողանքի հետևանքով յոթ տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության. առողջապահության նախարարություն

03.10.2011, 12:23
Հայաստանի հյուսիսում սողանքի հետևանքով յոթ տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության. առողջապահության նախարարություն
Հայաստանի հյուսիսում սողանքի հետևանքով յոթ տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության. առողջապահության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հյուսիսում սողանքի հետևանքով յոթ տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին  դարձրել անանցանելի: Փլվածքի տակ են մնացել տարբեր մակնիշի 35 մեքենաներ:

«Սողանքի հետևանքով յոթ տուժածները գանգի վնասվածքներով՝ առանց գանգոսկրի կոտրվածքների տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն», - նշվում է տեղեկատվության մեջ:

Բոլոր տուժածների մոտ գրանցվել է կրծքավանդակի սալջարդ, ինչպես նաև ծայրանդամներիր կոտրվածքներ,  սակայն ներքին օրգանները չեն վնասվել:

Տուժածները տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և հարազատների պահանջով տեղափոխվել են մայրաքաղաք: Տուժածներից մեկը մամնական տարբեր կոտրվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

Բժիշկների գնահատմամբ` տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ բոլոր տուժածները Երևանի բնակիչներ են:

ՀՀ ԱԻՆ ամփոփագրի համաձայն՝ ժամը 9:41-ի դրությամբ պատահարի հետևանքով կա 2 տուժած: Նրանցից մեկը Արճիս գյուղի բնակիչ, 38-ամյա Հրաչիկ Ժորայի Մուսայելյանն է, ով ստացել է թեթև կոտրվածք և Նոյեմբերյանի հիվանդանոցում ստանալով բուժօգնություն` դուրս է գրվել: Երկրորդ տուժածը Ալավերդի քաղաքի բնակիչ, 24-ամյա Արտակ Մայիլյանն է, ով ստացել է քերծվածքներ և Ալավերդու հիվանդանոցում ստանալով բուժօգնություն` դուրս է գրվել:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ օպերատիվ շտաբ է ստեղծվել, դեպքի վայր են մեկնել համապատասխան ծառայությունների աշխատակիցներ: Միջոցներ են ձեռնարկվել սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղևորներին օգնություն ցուցաբերելու համար:

Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից դեռևս նախօրեին դեպքի վայր է մեկնել ավելի քան 70 փրկարար, 20 զինծառայող և 4 միավոր ծանր ռազմական տեխնիկա, շտապօգնության տասը բրիգադ: Տարածքը շրջափակված է և վերահսկվում է ոստիկանների կողմից: Հասարակական կարգի պահպանմանման և երթևեկության կարգավորման նպատակով դեպքի վայրում են  ճանապարհային ոստիկանության 6 մեքենաներ, 50 ոստիկաններ և լրացուցիչ` Տավուշի մարզային ոստիկանության 15 ոստիկան:

Սողանքի հետևանքով Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհը դարձել է անանցելի, ինչի կապակցությամբ իշխանություններն առաջարկում են բնակիչներին հարկ եղած դեպքում օգտվել Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն շրջանցիկ ճանապարհից:

ՀՀ ԱԻՆ-ը դեռևս սեպտեմբերի 30-ին հայտարարել էր, որ Երևան-Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում ակտիվացել են սողանքային երևույթները, և 3000 խմ ծավալով հողազանգված սահել է ավտոճանապարհին: Ճանապարհը բացվել է, սակայն սողանքի վտանգը պահպանվում էր:

Այս տարվա ամռանը հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ Տավուշի մարզում ակտիվացել են սողանքները, որտեղ վտանգավոր գոտում են հայտնվել շուրջ 75 բնակելի տներ: Սողանքային երևույթները գրանցվել են անցած տարի ինչպես այդ, այնպես էլ Տավուշի մարզի հարևան Լոռու մարզում:-0-