Հայաստանը կրկին առանց գազ է մնացել Ռուսաստանում մայրուղային գազատարի վերանորոգման պատճառով

28.09.2011, 11:27
Հայաստանը կրկին առանց գազ է մնացել Ռուսաստանում մայրուղային գազատարի վերանորոգման պատճառով
Հայաստանը կրկին առանց գազ է մնացել Ռուսաստանում մայրուղային գազատարի վերանորոգման պատճառով

Հայաստան ռուսական բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է՝ այս անգամ ռուսական կողմի նախաձեռնությամբ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս  մայրուղային գազատարի  52 կմ-ի   հատվածում արտապլանային  վերանորոգման  աշխատանքներ իրականացնելու պատճառով:

««Գազպրոմ էկսպորտ» ԲԲ ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին» սեպտեմբերի  28-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 30-ի ժամը 21:00-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին»,-չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն` ռուսական  ընկերությունը   նախատեսում է Ռուսաստանի տարածքում արտահերթ արտապլանային  վերանորոգման  աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս  մայրուղային գազատարի  52 կմ-ի   հատվածում:

«Հայռուսգազարդը» հավաստիացնում է, որ այս ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին` առանց սահմանափակումների: 

Ավելի վաղ` սեպտեմբերի 22-27-ը, Հայաստան բնական գազի մատակարարումը նույնպես ժամանակավորապես դադարեցվել էր՝ Վրաստանի տարածքում  Սագուրամո-«Կրասնի Մոստ» 1000 մմ մայրուղային գազատարի նոր հատվածի միացման աշխատանքներն իրականացնելու կապակցությամբ՝ Թբիլիսիի շրջանցիկ  ավտոճանապարհի վերակառուցման հետ կապված:

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի սպառողների գազամատակարարումն իրականացվում է Աբովյանի գազապահեստարանի պաշարների հաշվին, որը Հայաստանի գազատրանսպորտային համակարգի (ԳՏՀ) գլխավոր տարրերից մեկն է, որն ապահովում է հանրապետության էներգետիկ անվտանգությունը։Կայանը, կախված տարվա եղանակից, ի վիճակի է կարևորագույն սպառողներին վառելիքով մատակարարել 1-1,5 ամսվա ընթացքում։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, նրա բաժնետերերն են «Գազպրոմ» ԲԲԸ-ն և Հայաստանի կառավարությունը:--0--