Հայաստանի նախագահը ողջունում է հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդումը

27.09.2011, 17:02
Հայաստանի նախագահը ողջունում է հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդումը

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյյարագոսայի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ ելույթ ունենալիս ուրախալի է համարել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման փաստը:

Ինչպես հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ ԱՄՆ-ում իր այցի օրերին մեծ հպարտություն է ապրել՝ ներկայացնելով հայ ժողովրդին:

Նշելով, որ գտնվում է մի քաղաքում, որտեղ Հայաստանից դուրս ապրում է հայերի ամենահոծ հատվածը, նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լոս Անջելեսի տեղական իշխանություններին, քաղաքապետ Անտոնիո Վիյյարագոսային և հայ ժողովրդի բոլոր բարեկամներին՝ հայերի նկատմամբ ցուցաբերվող ջերմ և բարյացակամ վերաբերմունքի համար:

«Հարյուր հազարավոր իմ հայրենակիցներ հնարավորություն են ստացել ազատ ապրելու, զարգանալու, իրենց բարեկեցությունը ապահովելու և, բնականաբար, իրենց լուման ունենալու և՛ քաղաքի, և՛ Միացյալ Նահանգների հաջողությունների մեջ: Մենք շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին այդպիսի վերաբերմունքի համար: Մեր բարեկամությունը հավերժ է, և  ես շատ ուրախ եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիների ընթացքում բավականաչափ ամրապնդվել են»,- ասել է Սարգսյանը:

Ըստ նրա՝ շատ տարօրինակ մի բան կա՝ Հայաստանը հազարամյակների պատմություն ունի,  բայց հայերը նշում են իրենց անկախության 20-ամյակը: «Մենք երիտասարդ ժողովրդավարության երկիր ենք, բայց 1700 տարի ղեկավարվել ենք այդ գաղափարներով: Այսօր էլ բարեկամների աջակցությունը և մեր ներուժն օգնում են առաջընթաց ապահովելու մեր երկրում»,-ասել է ՀՀ նախագահը:

Ավարտելով աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ՝ նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա: -0-