Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր է բացվել Նիցցայում

26.09.2011, 18:18
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր է բացվել Նիցցայում

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել Ֆրանսիայի Նիցցա քաղաքում 1915 թվականի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝  Ռուբեն Սևակի հուշակոթողի բացման արարողությանը, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, Կարապետյանը սեպտեմբերի 23-25-ը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա՝ Նիցցայի քաղաքապետ, Ալպ Մարիտիմի պատգամավոր, Նիցցա-Կոտ դ’Ազյուր միջհամայնքային միության նախագահ Քրիստիան Էստրոզիի հրավերով: 
«Հայ–ֆրանսիական հարաբերությունները մեզ՝ հայերիս համար, յուրահատուկ տեղ ունեն։ Չկա մի հայ, որ հարգանքով չվերաբերվի Ֆրանսիային ու ֆրանսիական ժողովրդին և երախտագիտությամբ չգնահատի փաստը, որ 2001թ.-ին Ֆրանսիան օրենքի ուժով ճանաչեց և դատապարտեց 1915-ի հայոց ցեղասպանությունը»,- ասել է քղաքապետը հուշահամալիրի բացման ժամանակ:

Քաղաքապետ Կարապետյանը Ֆրանսիայի Հանրապետության Նիցցա քաղաքում մասնակցել է նաև  Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպվող ընդունելությանը: Ընդունելության ընթացքում կարևորել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև օրեցօր ընդլայնվող բարեկամական և գործընկերային հարաբերությունները: 

«Այսօր, երբ Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 20-ամյակը, պետք է արձանագրենք, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Այդ համատեքստում շատ կարևոր է համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ այդ թվում նաև երկու երկրների քաղաքների միջև»,- ասել է քաղաքապետը, հաղորդագրության համաձայն: -0-