Իշխող ՀՀԿ-ն մինչև դեկտեմբեր կհրապարակի խորհրդարանական ընտրությունների կուսակցական ցուցակը

26.09.2011, 14:33
Իշխող ՀՀԿ-ն մինչև դեկտեմբեր կհրապարակի խորհրդարանական ընտրությունների կուսակցական ցուցակը
Իշխող ՀՀԿ-ն մինչև դեկտեմբեր կհրապարակի խորհրդարանական ընտրությունների կուսակցական ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կհրապարակվի նոյեմբերի վերջին - դեկտեմբերի սկզբին՝ կուսակցության հերթական համագումարից հետո, երկուշաբթի լրագրողներին հայտնեց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Ըստ լուրերի և հայկական մամուլի հրապարակումների՝ ՀՀԿ խորհրդարանական ցուցակն արդեն պատրաստ է, և ցուցակում առաջին տեղում է Տիգրան Սարգսյանը (ՀՀ վարչապետ), իսկ շտաբի ղեկավար կդառնա խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

«Նման խոսակցություններն անհիմն են, քանի որ ոչ մի ցուցակ մենք չենք էլ պատրաստել, և ցուցակում առաջին անձանց վերաբերյալ դեռ ոչ մի հայտարարություն ես չեմ կարող անել»,- ասաց Շարմազանովը:

Միաժամանակ նա ավելացրեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն թեկնածուների ընդլայնված և թարմացված ցուցակով հանդես կգա:

Բացի այդ, Շարմազանովը մեկնաբանեց պատգմավոր Ռուբեն Հայրապետյանի վերջին հայտարարությունը, որ նա չի մասնակցելու առաջիկա ընտրություններին, քանի որ «գործարարները պետք է գործով զբաղվեն, իսկ քաղաքական գործիչները՝ քաղաքականությամբ»:

«Դա իր իրավունքն է` ընտրություններին մասնակցել կամ ոչ, կարող եմ միայն վստահությամբ հայտնել, որ նախընտրական ցուցակում կներկայացվեն արժանի անձինք»,- հայտնեց Շարմազանովը:

Ռուբեն Հայրապետյանն իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է: Նա երկու անգամ խորհրդարանի պատգամավոր է ընտրվել մեծամասնական համակարգով (2003- 2007 թվականներին): -0-