Բրիտանական Craven College-ը կօգնի հայ գործընկերներին «Գեղեցկության արվեստը» նոր մասնագիտությամբ ուսուցում ներդնել

22.09.2011, 15:27
Բրիտանական Craven College-ը կօգնի հայ գործընկերներին «Գեղեցկության արվեստը» նոր մասնագիտությամբ ուսուցում ներդնել
Բրիտանական Craven College-ը կօգնի հայ գործընկերներին «Գեղեցկության արվեստը» նոր մասնագիտությամբ ուսուցում ներդնել

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը 2012թ.-ի սեպտեմբերից կսկսի «Գեղեցկության արվեստը» նոր մասնագիտությամբ ուսուցումը, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանը:

«Նոր մասնագիտությունը կբացվի Craven College բրիտանական քոլեջի հետ համագործակցության շրջանակներում, որն արդեն իրականացրել է մեր դասախոսների վերապատրաստումը»,- ասաց Վարդանյանը:

Ըստ նրա՝ նոր մասնագիտությամբ ուսուցումը (վարսավիրական գործ, կոսմետոլոգիա, մատնահարդարում) արդեն նոր ուսումնական տարում կկարողանան անցնել շուրջ 20 ուսանողներ, իսկ մինչ այդ քոլեջի մասնագետները վերապատրաստում կանցնեն Մեծ Բրիտանիայում, որտեղ նաև կծանոթանան ուսումնական վճարումներին ու բրիտանական քոլեջի ծրագրերին և Հայաստանի համար ուսումնական ծրագիր կկազմեն:

Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը Հայաստանում գործում է 1943 թվականից՝ որպես Երևանի սննդի արդյունաբերության տեխնիկում: Քոլեջ է վերանվանվել 2006-ին: 

Այսօրվա դրությամբ քոլեջի ուսուցումն անցնում է վեց մասնագիտություններով: Ընդհանուր առմամբ ուսումնական հաստատությունում 700 ուսանող է սովորում: -0-